▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է

Օրերս ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բջնի համայնքում գործող «ԱՊՐԻ» պահածոների գործարանում:

ՆյուզՊրեսս.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, հոկտեմբերի25-ին՝ կիրակի օրը, գործարանի աշխատակցուհի Մ.Դ-ն, մասամբ ճզմվել է շենքի բեռնատար վերելակի տակ: Կինը մոտեցել է բեռնատար վերելակի խցին, հավանաբար, փորձելով հասկանալ, թե ինչու վերելակը չի իջնում: Նա անզգուշորեն գլուխը մտցրել է խցի ներքևի բաց հատվածը: Այդ պահին վերելակն իջել է՝ ծանր վնասվածքներ պատճառելով նրան։

«Մեր տեղեկություններով՝ տուժածը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Նրա դեմքի մաշկը պոկվել է, վնասվել է նաև պարանոցը, որտեղ կոտրվածք է ստացել։ 

Բժիշկները հույս են տվել, որ կապրի, սակայն պարզ է, որ նրա կյանքում այլևս ոչինչ առաջվանը չի լինի: Եվ սա այն պատճառով, որ անվտանգության համակարգը, մեղմ ասած, թերի է այս գործարանում:

Թեև աշխատակցուհին չպետք է մոտենար վերելակի վտանգավոր հատվածին, սակայն, եթե գործարանում հնարավոր է եղել, որ աշխատակիցը մոտենա բաց վտանգավոր հատվածով բեռնատար վերելակին և հայտնվի նման ծանր միջադեպի մեջ, ապա հարցը շատ ավելի խորն է, քան մեկ մարդու անզգուշությունը։

Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գործարանում հնարավոր եղել նման վտանգավոր իրավիճակ, որտե՞ղ են եղել անվտանգության համակարգի աշխատակիցները, ինչո՞ւ վերելակը դուռ չի ունեցել, ինչո՞ւ տարածքը չի վերահսկվել, ի վերջո՝ կա՞ն առհասարակ դրա համար պատասխանատու անձինք։

Այս պահին, իհարկե, առաջնայինը տուժած կնոջ կյանքն ու առողջությունն են։ Սակայն անհրաժեշտ է, որ իրավասու մարմինները պարզեն կատարվածի բոլոր հանգամանքները և գնահատեն՝ ո՞ւմ մեղքով է անվտանգության համակարգը հայտնվել բարձիթողի վիճակում և արդյոք այս ողբերգական միջադեպը հնարավոր էր կանխել անվտանգության պատշաճ համակարգի առկայության և արդյունավետ աշխատանքի դեպքում»,-գրում է սկզբնաղբյուրը։

Հասարակություն more