ՔՊ֊ականը նիստի ընթացքում համառորեն չէր նկատում իր հեռախոսի զանգը
***
Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ հարցի քննարկումը հետաձգվելու է, քանի որ նախնական քննարկում են ունեցել ոլորտի փորձագետների հետ և պայմանավորվել են, որ լրացուցիչ քննարկման ենթակա հարցեր կան։ «Իրենց խոստացել ենք, որ երբ նախագիծը իրենց հետ նաև վերջնական տեքսի բերելուց հետո համաձայնության կգանք, այդ ժամանակ միայն նախագիծն ԱԺ նիստում կքննարկենք։
Այսինքն, մենք նույնպես ընդունում ենք, որ այստեղ որոշակի շտկելու բաներ կան և մինչև հանձնաժողովի հաջորդ նիստում քննարկելը մենք իրար հետ էլ կաշխատենք»,-ասաց Թունյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացնելով կառավարության ներկայացրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ասաց, որ կառավարությունն այս նախագծով հիմնականում ուզում է լուծել ստվերային շրջանառության դեմ պայքարն է։
«Այդ տեսակետից երևի անհրաժեշտ է ավելի կիրառելի ու չափելի եզրույթներ օգտագործել նախագծում՝ ֆիսկալ խնդրի լուծման համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախագծի լրամշակման ուղղությամբ պատրաստվում են ևս 2 ամիս աշխատել։
Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել նոր կազմակերպություն՝ վերկազմակերպական առաքելությամբ։ «Այսինքն, տելեկոմ օպերատորների կողմից ստեղծվում է նոր կազմակերպություն, որը կկառավարի IMEI-ների շտեմարանը։ Այսինքն, կկարողանանք նույնայանացնել սպիտակ՝ օրինական ճանապարհով ներկրված հեռախոսները և համապատասխան սանկցիաներ կիրառել այն բջջային հեռախոսների նկատմամբ, որոնք չենք համապատասխանում օրենսդրությամբ սահմանվող ճափանիշներին։ Բայց հստակեցումների կարիք կա ու մենք կփորձենք 2 ամսվա ընթացքում քննարկման համար ավելի պատրաստ նախագիծ իրականացնել»,-ասաց նախարարը։
Թունյանն էլ ասաց, որ սա նաև անվտանգային բաղադրիչ ունի։ «Այսինքն, փորձ ենք անելու սրանով պաշտպանել ՀՀ բաժանոդներին գողացված, կլոնավորված, օգտագործված, բայց նորի տեղ ներկայացվող հեռախոսներից, այսինքն, կիբերանվտանգության խնդիրներ է լուծվում։ Կար առաջարկ այն արտահերթ ռեժիմով ընդունել, սակայն քանի որ հարցեր կան, ես առաջարկեցի չշտապել ու որքան հնարավոր է մանրամասն քննարկել»։


