▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստաընկերությունը երբեք այդքան քծնող ու գետնաքարշ չի եղել, որքան վերջերս. Մերուժան Տեր-Գուլանյան

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել Թաթա Սիմոնյանի համերգը։

Դա վրդովմունք է առաջացրել քաղաքացիների շրջանում, վրդովվել է նաև երգիչը։ Թաթա Սիմոնյանը սոցցանցերի իր էջում գրել է․ «Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ»։

Այսօր.am-ը գրում է, որ թեմայի մասին զրուցել է գրող, հրապարակախոս, Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի հետ. նա ասել է,  որ խորհրդից հեռանալուց հետո Հանրային չի դիտում.

««Մեկուկես տարի ունեի պաշտոնավարմանս ավարտին, բավականին բարձր աշխատավարձ էի ստանում, բայց դիմում գրեցի ու դուրս եկա։ Այն, ինչ տեղի էր ունենում այնտեղ․․․ չդիմացա։ Հանրային հեռուստաընկերությունը երբեք այդքան քծնող ու գետնաքարշ չէր եղել, որքան վերջերս է»։

Տեր-Գուլանյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ հեռուստաընկերությունը նման քայլերի է դիմում։ Նա նշեց, որ արցախյան պատերազմի հետ կապված սգո օրերին հրապարակներում և հեռուստատեսությամբ ուրախ համերգներ են կազմակերպվում։

«Դա տարաշխարհիկ ձեռագիր է՝ ինչ-որ մի տեղին դուր գալու համար և պնդելու իրենց ասածը, որ դա պարտություն չէր, այլ՝ հաղթանակ, որ խոնարհումը բոլորովին էլ ամոթ չէ, իսկ հանձնվելը խաղաղություն է»։

Ըստ Տեր-Գուլանյանի՝ Հանրային հեռուստաընկերությունն այս սկզբունքով է աշխատում։

Նա հավելեց, որ իրեն չի զարմացնում այն, ինչ տեղի է ունենում հեռուստաընկերությունում.«Թաթայի հանդեպ ես անձնապես ոչինչ չունեմ, բայց ինքն ազնիվ է գտնվել, որ վրդովվել է»։

Անդրադառնալով Հանրային հեռարձակողի խորհրդի լռությանը՝ նշեց, որ դրա պատճառների մասին չի կարող ասել։

«Դուրս գալուց հետո այլևս երբեք չեմ առնչվել իրենց հետ, չնայած այնտեղ մարդիկ կան, ովքեր նախկինում ինձ ընկեր են եղել։ Այս իրավիճակը շատ մարդկանց բաժանեց, դեմքերը, իրականությունը ցույց տվեց։ 44-օրյա պատերազմից հետո շատերին աշխատում եմ չտեսնելու տալ։ Նրանք բոլոր կոչումները ստացել են, բայց վախենում են մի խոսք ասել»,-եզրափակեց հրապարակախոսը։

 Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Արա Շիրինյանը չցանկացավ հարցերին պատասխանել՝ հորդորելով հարցում ուղարկել։

 Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել»,-գրում է սկզբնաղբյուրը։

Հասարակություն ավելին