Ֆրանսիացի նախարարը Հայ գերիների հարցի լուծումը նկատում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման
Լրագրող Հակոբ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ֆրանսիայի Սենատի անդամ Մարի-Առլետ Կարլոտիի հարցը՝ արտաքին առևտրի և ներդրումային գրավչության հարցերով նախարար Նիկոլա Ֆորիսյեին
-Իմ հարցը վերաբերում է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 15 հայերի, որոնցից հինգին՝ ցմահ ազատազրկման։ Մի քանի օր անց Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Amnesty International-ը դատապարտել է արդար դատաքննության երաշխիքների լուրջ խախտումները, իսկ Human Rights Watch-ը՝ բժշկական օգնության հասանելիության և ընտանիքների հետ կապի սահմանափակումները։
Ինչպե՞ս եք գործնականում իրականացնելու այս տարվա մայիսին Հայաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ ինչպես փախստականների, այնպես էլ գերիների հարցում։
Ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես գալիս եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի խաղաղության գործընթացը ներառի գերիների ազատ արձակման և տեղահանվածների ազատ ընտրության, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։
Նախարար Նիկոլա Ֆորիսյե
-Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
Հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծում։
Մենք խրախուսում ենք երկու կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։
Գերիների հարցի լուծումը նախապայման է։


