▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասին

Չնայած նոր տեխնոլոգիաների արագ զարգացմանը՝ զեղծարարները չեն շտապում հրաժարվել փորձված դասական տարբերակից՝ սովորական հեռախոսազանգերից, որոնք իբր կատարվում են «բանկից»։ Նրանք ներկայանում են որպես «Բանկի անվտանգության բաժին» և խոսակցության առաջին վայրկյաններից ստեղծում են արտակարգ իրավիճակի տպավորություն՝ ասելով, թե ձեր ֆինանսները վտանգված են։

Այս սխեման արդյունավետ է, քանի որ հիմնված է տարիներով հղկված հոգեբանական մանիպուլյացիայի վրա։ Զեղծարարների համար կարևոր է ստիպել ձեզ տագնապային իրավիճակում անել այն, ինչ հանգիստ պայմաններում երբեք չէիք անի։

Զեղծարարության մեխանիկան․ զանգից մինչև վերահսկողության կորուստ

Զանգը կարող է լինել հեռախոսահամարով կամ մեսենջերի միջոցով։ Էկրանին երբեմն նույնիսկ ցուցադրվում է ծանոթ լոգոտիպ և անվանում՝ IDBank, Idram կամ որևէ այլ բանկ և ֆինանսական ծառայություն։ Այնուհետև հնչում է վստահ, գործնական, բայց տագնապալի տեքստ.

«Մենք նկատել ենք կասկածելի ակտիվություն ձեր հաշվին։ Գործարքը շտապ չեղարկելու համար հաստատեք ձեր ինքնությունը։ Ասեք SMS-ով ստացված կոդը»։

Զեղծարարների կողմից հաճախ օգտագործվող այլ սցենարներ են՝

  • «Ձեր անունով հենց հիմա ձևակերպվում է վարկ։ Դիմումը չեղարկելու համար ասեք կոդը»։
  • «Ձեր քարտը հենց նոր արգելափակվել է։ Արգելափակումը հանելու համար հաստատեք տվյալները»։
  • «Այս պահին ձեր հաշվից կատարվում են խոշոր գանձումներ։ Գումարը վերադարձնելու համար անհրաժեշտ է հաստատում»։

Հաջորդ քայլը միշտ նույնն է՝ կարևոր տեղեկատվության կորզում։ Ձեզ կարող են խնդրել ինտերնետ-բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը, քարտի տվյալները և դրա հակառակ կողմում նշված եռանիշ կոդը, անձնագրային տվյալներ։ Սակայն գլխավորը միշտ մեկն է՝ SMS-ով ստացված մեկանգամյա կոդը (OTP)։

Կարևոր մանրուք․ վստահության կեղծում և սթրես

Այս զանգերը հատուկ կառուցված են այնպես, որ մարդուն դուրս բերեն հավասարակշռությունից։ Տագնապը մարդուն դարձնում է ավելի ենթարկվող, իսկ շտապողականությունը զրկում է սթափ մտածելու հնարավորությունից։ Զեղծարարը ճնշում է, շտապեցնում, վախեցնում և թույլ չի տալիս «անջատել հեռախոսը և մանրամասն ստուգել»։

Առանձին հնարք են «ապացույցները»։ Ձեզ կարող են ասել ձեր անունը, քարտի համարը, այն վայրը, որտեղ իսկապես վերջերս վճարում եք կատարել։ Նման տվյալները հաճախ հայտնվում են զեղծարարների ձեռքում տարբեր վաճառքի կետերում կորպորատիվ տվյալների արտահոսքերի կամ համացանցում շրջանառվող տվյալների բազաների միջոցով։

Իրավական ծուղակ

SMS-ով ստացված մեկանգամյա կոդը համարվում է գործարքի հաստատում։ Եթե դուք ինքներդ փոխանցել եք այն երրորդ անձի, բանկը դա ընկալում է որպես քարտապանի կողմից հաստատված գործողություն՝ ստորագրություն։ Դրանից հետո փոխանցումը կամ որևէ ապրանքի կամ ծառայության համար վճարման չեղարկումը չափազանց բարդ կամ երբեմն անհնար կլինի։

IDBank-ը խորհուրդ է տալիս

  • Երբեք հեռախոսով մի փոխանցեք մուտքանուններ, գաղտնաբառեր, PIN-կոդեր, SMS-ով ստացված կոդեր և քարտի տվյալներ։ Բանկը նման տվյալներ երբեք չի հարցնում։
  • Եթե ձեզ վախեցնում են «կասկածելի ակտիվությամբ», մի վիճեք և ոչինչ մի բացատրեք։ Դրեք հեռախոսը և ինքներդ զանգահարեք բանկ՝ օգտագործելով պաշտոնական համարը, որը կգտնեք բանկի կայքում, բջջային հավելվածում կամ ձեր քարտի հակառակ կողմում։
  • Մի հավատացեք զանգողին, նույնիսկ եթե նա գիտի ձեր տվյալները։ Դա իրական լինելու ապացույց չէ, այլ տվյալների արտահոսքի հետևանք։
  • Եթե ձեզ վրա ճնշում են գործադրում, շտապեցնում, վախեցնում և ստիպում «հաստատել գործարքը», ապա դա առանց կասկածի զեղծարարության փորձ է։

Հիշե՛ք․ ձեր միջոցները անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ չեք փոխանցել դրանց հասանելիությունը երրորդ անձանց։ Պարզ կանոններին հետևելը և գիտակցված գործելը ձեր հուսալի պաշտպանությունն են զեղծարարներից։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее