▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում: Գործարարները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են նոր արտադրությունների հիմնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի շրջանակում ներկայացված ներդրումային ծրագրերի քննարկմանը: Ծրագրերը նախատեսվում են իրականացնել գյուղատնտեսության, մեքենաշինության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում:

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել High-Tech Gateway, Omni Code,
ArchiDutch ընկերությունների աշխատանքները` վեբ, միկրոէլեկտրոնայի ծրագրավորման, ճարտարապետական նախագծերի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը եղել է նաև ինժեներական լաբորատորիաներում, համակարգչային լաբորատորիաներում:

Տեղեկացվել է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է մի քանի հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է նաև  թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Կարդացեք նաև՝ Հերիք է՝ ինչքան նստեցինք տեղներս. Նիկոլ Փաշինյան

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more