▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հարկային օրենսգրքի փաթեթին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

 

 

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում սա շատ կարևոր փաթեթ է, և Հարկային օրենսգրքի քննարկումները սովորաբար Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տարբեր թվաբանությունների և մեթոդաբանությունների տեսակետից: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսի նախագծերն, ընդհանրապես, և տնտեսական պրոցեսները միայն թվաբանության մեջ տեղավորելը, կարծում եմ, շատ կոպիտ սխալ է, որովհետև շատ կարևոր է այն փիլիսոփայությունը, որ դրվում է այս ամենի տակ: Հետևաբար, ես կուզեի մի քանի կետ նշել հենց այս տեսակետից:

Առաջինը մինի բիզնեսի սահմանումն է և այդ հատվածին որոշակի արտոնություններ տալը, ըստ էության, նրանց հարկերից ազատելը: Սա մտնում է աշխատանքի խրախուսման մեր տրամաբանության և փիլիսոփայության մեջ:

 

 

 

 

 

 

 

Երբ քիչ առաջ մյուս հարցի քննարկման համատեքստում ասում էի մենք ոչ միայն մարդկանց պետք է ասենք, քաջալերենք, որ աշխատեն , այլ պետք է հնարավորություններ ստեղծենք: Սա այդ կարևոր հնարավորություններից մեկն է և, իհարկե, այն բացառություններով, որ պարոն Ջանջուղազյանը նշեց: Ես չեմ ուզում թվարկել այդ բացառությունները, մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցները և ընկերությունները կազատվեն հարկերից: Այստեղ ես ուզում եմ ընդգծել ևս մի ուղղություն, որը մեզ համար շատ կարևոր է և, իմիջիայլոց, որը մեր քննարկումների առանցքում էր նաև Բրյուսել կատարած այցի շրջանակում: Մենք հիմա քննարկում ենք, որպեսզի այս սեգմենտի համար ֆինանսական միջոցները դարձնենք հասանելի: Սա նշանակում է, որ բացվեն հատուկ վարկային գծեր, հնարավորինս ցածր տոկոսադրույքներով: Եվրամիությունը նույնպես իր պատրաստակամությունն արտահայտեց մեզ աջակցելու այս ուղղությամբ:

 

 

Այստեղ ուզում եմ նշել նաև այն ռիսկերի մասին, որ մենք ունենք: Երբ նախկինում ահա այսպիսի շրջանառության շեմեր են սահմանվել, վիճակագրությունն ինչ է մեզ ցույց տվել, որ, ենթադրենք, ընկերությունները տրոհվել են կամ շրջանառությունը թաքցրել են, որպեսզի որևէ շեմի ներքո հայտնվեն: Ես ուզում եմ ընդգծել, որ այս գործիքի նպատակն աղքատության հաղթահարման պրոցեսում մեր քաղաքացիներին աջակցելն է: Այս առումով ես հույս ունեմ, որ մենք չենք ունենա այն իրավիճակները, երբ ասենք 150 կամ 200 միլիոնանոց ընկերությունները տրոհվում են, դառնում են 5, 10, 20, 30 հատ մինի ձեռնարկության ընկերություններ: Սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին այդ հսկիչ դրամարկղային կտրոնների հարցում լինել հետևողական: Ընդհանուր առմամբ, այո, մենք այս ռիսկերը գիտակցելով գնում ենք այս փոփոխությունների, որովհետև մեզ համար այս պրոցեսում ամենակարևորը վստահությունն է, որովհետև մենք պետք է փոխենք այդ ռեժիմը, երբ կառավարությունը և հանրությունը միմյանց նկատմամբ անվստահության կանխավարկածով են առաջնորդվում: Այսօր կա վստահություն քաղաքական մակարդակում և պետք է լինի վստահություն նաև տնտեսական մակարդակում: Այո՛, և մենք պետք է վստահենք քաղաքացիներին և մեր քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը և նրա մտադրություններին»:

Կարդացեք նաև՝ Սպիտակ հացն առողջությանը վնասում է, եկեք թանկացնենք. Թորոսյանը զայրացրեց Փաշինյանին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more