▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավոր ենք, որ «ձի-ձի» խաղալու փոխարեն էշի պես վազում ենք այս կյանքում

Երեխաների պաշտպանության օր… Անտանելի է, երբ երեխադ գալիս և ասում է, որ իրեն նեղացրել են: Այդ պահին վրայիցդ թոթափում ես քաղաքակրթության փոշին, մոռանում ես քո կարդացած բոլոր գրքերը, դիտած ֆիլմերը ու աստվածաշնչյան պատվիրանները: Այդ պահին քո մեջ արթնանում է նախամարդու էգը, որը պատրաստ է ցանկացած դինոզավրի «լղոզել» քարանձավի պատերով՝ իր ձագին պաշտպանելու համար: Սակայն երբեմն մեր երեխաներին պետք է պաշտպանենք ինքներս մեզնից: Հենց մեզից, միայն մեզնից: Մեր վատ տրամադրությունից, մշտական հոգնածությունից, անվերջ զբաղվածությունից, որը օրվա վերջում կոտրվում է նրանց շեկլիկ գլուխներին: Նրանք նայում են մեր ջղաձգված, գոռգոռացող դեմքներին ու չեն հասկանում, թե այդ ինչ աշխարհակործան մեղք են գործել: Նրանք մեղավոր չեն… Մենք ենք մեղավոր: Մեղավոր ենք, որ իրենց հետ «ձի-ձի» խաղալու փոխարեն էշի պես վազում ենք այս կյանքում, ուզում ամեն տեղ հասցնել, շատ փող աշխատել, անիմաստ կարիերա անել: Իրենց հեքիաթ կարդալու փոխարեն ֆեյսբուքներում ուրիշների հեքիաթներն ենք լսում: Ու հետո զարմանում ենք, որ օր ծերության մեզ տանում, փակում են ծերանոցներում ու դուռն անգամ չեն բացում: Որովհետև մոռանում ենք՝ իրենք խաղալիք չեն, որ խաղացիր, հավեսդ հանեցիր ու անկյուն կանգնեցրիր…

 

Գոհար Հայրապետյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more