▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին փորձ է արվում «առևտուր անել» մեր թիկունքում

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում որոշվեց մինչև հունիսի 15-ը հետաձգել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրման ժամկետը: Այնուհետև պարզորոշ տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանը ջանքեր է թափում Ադրբեջանին ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ, և այսօր էլ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը մեկնում է Բաքու, իսկ մի քանի օրից կայցելի նաև Հայաստան:

Հայաստանը կրկին լուրջ գործընթացների առաջ է կանգնած և կրկին որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրն ու դեռևս պարզ չէ Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը Հայաստանի, Ղարաբաղի հարցի նկատմամբ ընդհանրապես: Կրկին փորձ է արվում «առևտուր անել» մեր թիկունքում՝ օգտագործելով ղարաբաղյան խաղաքարտը: 
Եվ ինչ, Ռուսաստանը մի՞թե կկրկնի անցած դարաշրջանի իր պահելաձևը, թե վերջապես կունենա կայուն հայանպաստ դիրքորոշում...Անձամբ ես կասկածում եմ, որովհետև մեծ գրավ է դրված այդ խաղաքարտի վրա…Ռուսաստանն ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, այնպիսի կարգավիճակում չէ, որ հեշտությամբ, առանց լուրջ ակնկալիքների, առանց այդ հարցերի շուրջ «առևտուր» անելու համաձայնի: Համաձայնելու դեպքում էլ նրա առաջնահերթ պահանջը կլինի Ղարաբաղի հարցն ի օգուտ իրեն լուծելու երաշխիքները:

Կասկած չկա, որ Լավրովի առաջիկայում Բաքու կատարելիք այցի օրակարգում առաջնային հարցը հենց սա է լինելու: Եվ ամենևին էլ նպատակը անցակետի խնդիրը չէ, ինչպես ոմանք կարծում են, դա երկրորդական է ղարաբաղյան թնջուկի լուծման ընդհանուր հարցերի շրջանակում, և Ադրբեջանն ամենևին էլ այդքան հեշտությամբ չի «տրվի» ռուսներին և օգտվելով Ռուսաստանի ներկայիս անորոշ, «իզգոյ», ցայտնոտային իրավիճակից կփորձի թանկացնել և «հետույք խաղացնել»՝ փորձելով շահել հնարավորինս ավելին…
Եթե այս անգամ էլ Ռուսաստանը զիջի դիրքերը և հերթական անգամ կանգնի իր մեծաքանակ ռազմական տեխնիկա գնող հավատարիմ գնորդի կողքը և ոտնահարի Հայաստանի, հայ ժողովրդի շահերը, ապա Հայաստանում կտրուկ կաճեն առանց այդ էլ նկատվող հակառուսական տրամադրություններն ու թշնամանքը:
Հավանաբար Հայաստանում ՌԴ դեսպանատանը հասկանում են ու պետք է, որ ահազանգեն այդ՝ օրեցօր աճող տրամադրությունների և անվստահության մթնոլորտի վերաբերյալ:

Ինչևէ, ցավոք, մեզ կրկին ոչինչ չի մնում անել, քան «հանգիստ», համբերատար հետևել գործընթացներին…
Միայն թե նորից գնացքից չուշանանք…

Ռոբերտ Մելքոնյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more