2014-ին որոշել եմ նորոգ կյանքով ապրել, համենայն դեպս, նման հանձնառություն ստանձնել եմ ընտանիքիս, կնոջս առաջ:
Եթե նկատել եք, տարեսկզբյան գրառումներս մի տեսակ ինքնախոստովանական բնույթ ունեն:
Ցանկացած ինքնախոստովանություն անչափ ծանր է տրվում, որովհետեւ պետք է ընդունես, խոստովանես սեփական արատն՝ այն այլեւս չկրկնելու հաստատակամությամբ:
Այս տարին ինձ համար շրջադարձային է լինելու՝ անձնական եւ գործնական հարթության մեջ: Իմ վերջին տարների որոշ թերություններով՝ այդ շրջադարձն ապահովել չեմ կարող, ուստի, դրանք խոստովանելու, անցյալում թողելու ժամանակն է:
Քաղաքական կենսագրության արեւածագին փառքի մասին երբեք չեմ մտածել, ոչ էլ՝ հանրաճանաչ լինելու մասին:
Բայց միշտ նպատակ ու մոտիվացիա եմ ունեցել, իմ փոքր ԵՍ-ը տեղադրել մի մեծ երազի, լուսավոր տեսլականի մեջ:
Վերջին նախագահական ընտրությունները վտանգավոր մի սահմանագիծ դարձան:
Գուցե իդեալներ խորտակվեցին կամ հայտնաբերեցի, որ դրանք հնարովի են՝ այն մանուկների նման, որ մի օր դատարկություն են հայտնաբերում Ձմեռ պապու չգոյությունը կամ արհեստականությունը բացահայտելուց հետո:
Ինչեւէ, երազն ու հոգեւորը աստիճանաբար, կամաց-կամաց նահանջեցին իմ կյանքում, հոգիս նմանվեց տերեւաթափ լինող աշնան, երբ ամեն օրը գուժում էր բնության մոտալուտ վախճանի մասին:
...Դառա սպառողական Հայաստանի մասնիկ՝ խժռելով ու խժռվելով, քամելով ու քամվելով, հոգուս վեհությունը սողունի հատկանիշներով օժտելով. խորթացա հոգեւորից, սատանայի մեջ՝ իմաստ ու գույն փնտրելու մոլորություն ունեցա:
Գահավիժումս շատերը փորձեցին կասեցնել՝ ապարդյուն:
Աստված որոշել էր, որ դա տրված է մեկին, ով երկու-երեք ամիս առաջ բացահայտեց այն վտանգավոր կարմիր գիծը, որից անդին՝ անտակ ձորն է, կենսագրություն լափող մարդակուլ երախը:
Անցած մի քանի տարիներին՝ գործնական ձախողության կամ անձնական հուսահատության պահին, թախիծս հաճախ, շատ հաճախ փորձել եմ խեղդել խմիչքով՝ ինձ կտրելով իրականությունից, իրականության հերթական դաժան ապտակը դարձնելով անխուսափելի, ԵՍ-ս տարալուծելով անգո ու անբովանդակ մենք-ի մեջ, ՄԵՆՔ-ով չստեղծելով այն օազիսն, որ այնքան անհրաժեշտ է ԵՍ-իս ապրելու համար:
Իմ ամենասիրելի մարդն ինձ կտրեց խմիչքից ու սա իսկական ավետիս է ինձ համար արտացավ բոլոր մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ինձ հանդուրժում էին՝ անցյալիս լույսի համար:
Ես մշուշոտ էի դարձրել իմ ապագան՝ մսխելով անցյալս...
Խմիչքի կախվածությունից ազատագրումը՝ վերստին բացեց աչքերս, տեսա այն Լույսը, որ ինձ տանում է դեպի Բարձրյալն ու Բարձրը:
Դա հնարավոր նեղավ իմ Տիրոջ կամքով, իմ Մարիաննայի նվիրումի շնորհիվ:
Ես ուզում եմ ծառայել Հայրենիքիս, լինել լավ ամուսին, հրաշալի հայր:
Ուզում եմ ապրել նորոգ կյանքով:
Վերաիմաստավորումից առաջ՝ հայցում եմ ներողամտությունը մարդկանց, ում, կամա, թե ակամա, վիրավորել ու նեղացրել եմ:
Աստված բոլորիս պահապան....
Հայցում եմ ներողամտությունը մարդկանց, որոնց կամա, թե ակամա վիրավորել եմ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


