▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող նրան վստահել որևէ միջոցի ծախսումը. Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները և անդրադարձել ԵՄ հետ համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներին:

 

 

«Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում: Այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում:Բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր, որ Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացուների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:

 

 

 

 

Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով»:

Կարդացեք նաև՝ Տղամարդիկ նույնպես այլ պարտականություններ ունեն՝ բացի պետական ծառայությունից. Փաշինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more