▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ադրբեջանն անկեղծ է, պետք է անդրադառնար Սումգայիթի կոտորածներին․ ՀՀ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին: Այս մասին հայտնում են ԱԳՆ պաշտոնական կայքից։

 

 

 

ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը թերարժեքության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական սկզբունքներով կառավարվելուց և ամենավերջին երկիրն է աշխարհում, որ իրավասու է խոսել մարդու իրավունքների ոտնահարման մասին, քանզի հազարավոր լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ակտիվիստներ, ակադեմիայի ներկայացուցիչներ և Թուրքիայի ներկայիս կառավարության ընդիմախոսներ գտնվում են բանտում կամ աքսորված են:

 

 

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ շեշտվեց, որ եթե Ադրբեջանը անկեղծ է տարածաշրջանում ճշմարտություն և արդարություն հաստատելու իր նպատակներում, ապա սեփական կեղծված պատմությունը, այսպես կոչված` «Խոջալուի իրադարձությունները» ներկայացնելու փոխարեն, պետք է անդրադառնային Սումգայիթում հայերի կոտորածներին, որոնք ազդարարեցին Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի ջարդերի և էթնիկ զտումների սկիզբը: Կեղծ զոհերի չափազանց և արհեստական ուռճացումը լավագույն միջոց չէ ծառայում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար:

Ելույթի ավարտին ընդգծվեց, որ ավանդական հակահայկական քարոզչություն իրականացնելու փոխարեն Ադրբեջանը պետք է ջանքեր չխնայի պահպանելու համընդհանուր մարդու իրավունքները, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի դեմ այն ուժով պայքարում է իր կազմավորման օրվանից ի վեր:

 

 

 

 

 

 

 

 

Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է առնվազն նվազագույն ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլորտում իրենց մտահոգիչ պատկերը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more