▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր լրատվականների այցելուների կեսից շատը այլեւս մարդիկ չեն, բոտեր են․․․»

«Այսօր լրատվականների այցելուների կեսից շատը այլեւս մարդիկ չեն, բոտեր են, որոնց մեծ մասը ԱԲ-ների գործակալներն են, որոնք քերում են տեղեկատվությունը ԱԲ-ների թրեյնինգների համար։ Գուգլից լրատվականները, գնալով, ավելի քիչ մուտք են ստանում սրան զուգահեռ։ Ինչ անել լրատվականներին, հատկապես՝ հայաստանյան․․․»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով իր հոդվածը Մեդիա․am կայքում․ այն կարող եք կարդալ նաև ստորև․

Համացանցային լրատվամիջոցների և որոնողական համակարգերի միջև երկար տարիներ գործում էր պարզ, թեկուզ ոչ միշտ արդար փոխանակում։ Google-ը կամ այլ որոնող մեքենաները կարդում և ինդեքսավորում էր լրատվամիջոցի նյութը, իսկ դրա դիմաց որոնման արդյունքներում հղում էր տալիս սկզբնաղբյուրին։ Օգտատերը սեղմում էր հղումը, մտնում լրատվական կայք, տեսնում գովազդը կամ գուցե բաժանորդագրվում։

Այդ մոդելը հիմա փոխվում է։ Նոր միջնորդը ոչ միայն գտնում է տեղեկությունը, այլև կարդում, համադրում, թարգմանում և պատրաստի պատասխանի տեսքով փոխանցում օգտատիրոջը։ Վերջինս կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը՝ առանց լրատվամիջոցի կայք այցելելու։

Արդեն հասկանալի է, որ այս նոր միջնորդը AI չաթբոտն է կամ ավելի ինքնուրույն գործող ԱԲ գործակալը (AI Agent)։ Իսկ լրատվամիջոցի «ընթերցողը» հաճախ մարդ չէ, այլ ծրագիր, որը կայքից վերցնում է տեքստը, բայց չի տեսնում գովազդը, չի գնում բաժանորդագրություն և երբեմն նույնիսկ հղում չի վերադարձնում` ընթերցողին զուտ պատմում բովանդակությունը առանց նշելով, թե որտեղից է վերցրել նյութը։ ։

Լուրը կարդում են, բայց կայք չեն մտնում

Reuters Institute-ի 2026 թվականի Digital News Report-ի տվյալներով՝ հարցվածների 10%-ը շաբաթվա ընթացքում նորություններ ստանալու համար օգտվում է ChatGPT-ի, Gemini-ի, Perplexity-ի և նման AI չաթբոտերի ծառայություններից։ Նախորդ տարի ցուցանիշը 7% էր։ Մինչև 35 տարեկանների շրջանում այն արդեն հասնում է 16%-ի։

Առաջին հայացքից 10%-ը դեռ հեղափոխական թիվ չի թվում։ Բայց այս ցուցանիշը չի ներառում Google-ի որոնման արդյունքներում հայտնվող AI ամփոփումները, հեռախոսների մեջ ներդրված օգնականները կամ լրատվական հավելվածների AI գործառույթները։

Զեկույցի մասնակիցների 42%-ը պնդում է, որ AI-ի պատասխանից հետո հաճախ կամ միշտ անցնում է սկզբնաղբյուրի հղմամբ։ Սակայն սա մարդկանց ներկայացրած գնահատականն է, ոչ թե կայքերի իրական այցելությունների չափումը։ Նույն հետազոտության համաձայն՝ օգտատերերը չաթբոտի հղումը հաճախ բացում են տեղեկությունը ստուգելու կամ աղբյուրը պարզելու համար, այլ ոչ թե որովհետև պատասխանը թերի է եղել։ Այլ կերպ ասած՝ ԱԲ-ն արդեն կարող է բավարարել հիմնական տեղեկատվական պահանջը, իսկ լրատվամիջոցին թողնել միայն ստուգման կետի դեր։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, շուտով այդ ստուգումն էլ այդքան հաճախ չի իրականացվելու՝ մարդիկ ավելի ու ավելի են վստահում մոդելների պատասխաններին։

Փոփոխությունը միայն չաթբոտերին չի վերաբերում։ Reuters Institute-ի զեկույցում մեջբերված Chartbeat-ի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի նոյեմբեր Google-ի օրգանական որոնումից ավելի քան 2500 լրատվական կայքերի ստացած այցելությունները նվազել են մեկ երրորդով։ Հարցված մեդիա ղեկավարներն առաջիկա երեք տարում որոնողական համակարգերից եկող այցելությունների շուրջ 43% անկում են ակնկալում։

Այս վիճակը երբեմն անվանում են «Google Zero»՝ աշխարհ, որտեղ որոնողական համակարգը շարունակում է օգտվել կայքերի տեղեկություններից, բայց գրեթե դադարում է ընթերցող ուղարկել նրանց։

Բոլոր բոտերը նույն գործը չեն անում

Լրատվամիջոցի համար կարևոր է տարբերակել առնվազն երեք տեսակի ավտոմատ, այցելու՝ բոտ։

Առաջինը որոնողական բոտն է։ Այն ինդեքսավորում է էջը, որպեսզի որոնման արդյունքում ցույց տա վերնագիրն ու հղումը։ Երկրորդը AI գործակալն է, որը տվյալ պահին օգտատիրոջ հանձնարարությամբ այցելում է կայք, կարդում նյութը և օգտագործում պատասխանի կամ այլ աշխատանքի համար։ Երրորդը ուսուցման, թրեյնինգի բոտն է, որը նյութեր է հավաքում՝ ԱԲ մոդելը մարզելու կամ կատարելագործելու համար։

Տարբերությունը սկզբունքային է։ Որոնողական բոտը, առնվազն տեսականորեն, այցելություն է վերադարձնում։ AI գործակալը կարող է հիշատակել աղբյուրը, բայց օգտատիրոջը պահել իր միջավայրում՝ մարդը կկարդա, բայց չի սեղմի հղման վրա։ Ուսուցման բոտը կարող է նյութը վերցնել մեկ անգամ և օգտագործել ապագա մոդելների կարողությունները զարգացնելու համար՝ առանց լրատվամիջոցին ընթերցող կամ եկամուտ վերադարձնելու։ Երրրդը փաստացի կայքի տեսանկյունից բացարձակ պարազիտ է։

Cloudflare-ի 2026 թվականի հունիսի տվյալներով՝ իր դասակարգած բոտերի հարցումների 52%-ն արդեն կապված է AI մոդելների ուսուցման հետ։ 2025 թվականի գարնանը այդ ցուցանիշը 22% էր։ 36%-ից ավելին էլ բաժին է ընկնում միաժամանակ մի քանի նպատակ ունեցող բոտերին, որոնք կարող են նույն ծրագրով և որոնման բազա կառուցել, և AI գործակալի դեր կատարել, և տվյալներ հավաքել ԱԲ թրեյնինգի համար։

Այս իրավիճակը կայքի սեփականատիրոջը դնում է անհարմար ընտրության առաջ։ Եթե արգելափակի բոտին, կարող է անհետանալ որոնումների արդյունքներից կամ AI պատասխաններից։ Եթե թույլ տա, կարող է իր ամբողջ արխիվը անվճար տրամադրել առևտրային մոդելի ուսուցմանը, որն էլ կարող է «գողանալ» ընթերցողին։

Cloudflare-ը հուլիսին ներկայացրեց այդ հոսքերը առանձին կառավարելու հնարավորությունը՝ Search, Agent և Training բաժանումով։ Ընկերությունը սեպտեմբերի 15-ից գովազդ ցուցադրող էջերում AI գործակալներին և ուսուցման բոտերին լռելյայն արգելափակելու է, իսկ որոնողական բոտերին՝ թույլատրելու։ Սակայն բազմաֆունկցիոնալ բոտերի դեպքում ամենախիստ սահմանափակումն է կիրառվելու։ Սա նշանակում է, որ տեխնիկական մեկ կարգավորումը կարող է ոչ միայն պաշտպանել բովանդակությունը, այլև անսպասելիորեն նվազեցնել կայքի տեսանելիությունը։

Նոր մոտեցում. Reuters-ը բոտի համար առանձին դուռ է բացում

Խոշոր լրատվական գործակալությունները փորձում են մեկ այլ ճանապարհով գնալ՝ AI համակարգերին ոչ թե թողնել ազատ «քերել» կայքը, այլ առաջարկել վերահսկվող մուտք։

2026 թվականի հուլիսի 8-ին Reuters-ը հայտարարեց սեփական MCP սերվերի գործարկման մասին։ MCP-ն կարելի է պատկերացնել որպես ստանդարտացված դուռ, որի միջոցով AI գործակալը հաղորդակցվում է տվյալների կամ ծառայության հետ։

Reuters-ի բաժանորդ կազմակերպությունների AI գործակալները կարող են այդ դռնով որոնել, ստանալ և ներբեռնել իրենց բաժանորդագրությամբ հասանելի նյութերը։ Դրանք կարող են, օրինակ, խմբագրության համար գտնել համապատասխան լուսանկարներ, հավաքել թեմատիկ նյութերի փաթեթ կամ բովանդակությունը վերածել այլ ձևաչափի։

Կարևորն այն է, որ սա Reuters-ի կայքի անվերահսկելի օգտագործում չէ։ AI համակարգը ստանում է հասանելիություն այն բովանդակությանը, որի օգտագործման իրավունքը ընկերությունը ձեռք է բերել։ Այսպիսով՝ Reuters-ը փորձում է պահպանել իր հին բիզնես մոդելի տրամաբանությունը նոր տեխնիկական միջավայրում։ Նախկինում նրա արտադրանքը գնում էին թերթերը, հեռուստաընկերություններն ու ֆինանսական կազմակերպությունները։ Հիմա հաճախորդ կարող է դառնալ նաև այդ կազմակերպության AI գործակալը։

Փաստացի, լրատվականը առանձին մուտք, դուռ է բացում ռոբոտների համար, ու դա նաև փորձում մոնետիզացնել։

Իսկ ո՞վ է վճարելու հայկական լրագրության համար

Reuters-ի տարբերակը հնարավոր է, քանի որ գործակալությունն ունի համաշխարհային ճանաչում, հազարավոր հաճախորդներ, մեծ արխիվ։ Հայկական լրատվամիջոցների մեծ մասը նման բանակցային ուժ չունի։ Առանձին հայկական կայքը հազիվ թե կարողանա Google-ի, OpenAI-ի կամ Anthropic-ի հետ շահավետ պայմանագիր կնքել։

Բայց դա չի նշանակում, որ հայկական մեդիան անելիք չունի։

Առաջին քայլը հասկանալն է, թե ով է իրականում այցելում կայք։ Խմբագրությունները սովորաբար չափում են մարդկանց այցելությունները, բայց շատերը չգիտեն, թե իրենց սերվերային հոսքի որ մասն են կազմում որոնողական, AI գործակալ կամ ուսուցման բոտերը։ Առանց այդ տվյալների հնարավոր չէ որոշել՝ ում թույլ տալ, ում սահմանափակել և ումից պայմանագիր պահանջել։

Երկրորդը բոտերի նկատմամբ հստակ քաղաքականություն մշակելն է։ Լրատվամիջոցը կարող է թույլ տալ որոնողական ինդեքսավորումը, սահմանափակել մոդելների ուսուցման նպատակով զանգվածային հավաքագրումը և առանձին պայմաններով հասանելիություն տալ AI գործակալներին։ Այստեղ կարևոր է ոչ միայն robots.txt ֆայլը, այլև սերվերային պաշտպանությունը, օգտագործման պայմանները և բովանդակության արտոնագրման իրավական մոտեցումը։

Երրորդը նյութը մեքենաների համար հասկանալի դարձնելն է։ Եթե լրատվամիջոցը ցանկանում է, որ AI-ն իրեն հղում անի, կայքում պետք է հստակ նշված լինեն հեղինակը, հրապարակման և թարմացման ամսաթվերը, սկզբնաղբյուրները, նյութի լեզուն և նույն հոդվածի այլ լեզվական տարբերակները։ Կայքը հարկավոր է արդեն օպտիմիզավնել ոչ միայն SEO տեսանկյունից, այլ նաև ԱԲ-ների համար։

Եվ վերջապես, փոքր շուկայում ավելի իրատեսական կարող է լինել հավաքական լուծումը։ Հայկական լրատվամիջոցները կարող են միասին ձևակերպել AI բոտերի օգտագործման նվազագույն պայմաններ, համատեղ ուսումնասիրել բոտերի հոսքը կամ ստեղծել վստահելի հայկական լրատվական բովանդակության վերահսկվող տեխնիկական շերտ։ Մեկ լրատվամիջոցի արխիվը համաշխարհային AI ընկերության համար գուցե փոքր արժեք ունենա, բայց մի քանի տասնյակ խմբագրությունների ստուգված, հեղինակային և բազմալեզու բովանդակությունը արդեն այլ առաջարկ է։

Բոտին փակելն էլ է վտանգավոր

Այստեղ հեշտ լուծում չկա։ Եթե լրատվամիջոցը բաց թողնի իր ամբողջ բովանդակությունը, այն կարող է անվճար հումք դառնալ ուրիշի վճարովի արտադրանքի համար։ Եթե ամբողջությամբ փակի մուտքը, կարող է աստիճանաբար անհետանալ այն միջավայրից, որտեղ նոր սերունդը տեղեկություն է փնտրում։

Այս ընտրությունը որոշ չափով հիշեցնում է սոցիալական ցանցերի հետ մեդիայի հարաբերությունների սկիզբը։ Խմբագրությունները տարիներով անվճար բովանդակություն էին տալիս Ֆեյսբուքին՝ լսարան ստանալու ակնկալիքով։ Հետո հարթակը փոխեց ալգորիթմը, նվազեցրեց հղումների հասանելիությունը և առաջարկեց վճարել նույն լսարանին հասնելու համար գովազդային հարթակի միջոցով։։

ԱԲ համակարգերի դեպքում վտանգն ավելի խորն է։ Սոցիալական ցանցը սովորաբար ցուցադրում էր նյութի վերնագիրն ու հղումը։ ԱԲ-ն կարող է վերցնել նյութի փաստերը, տրամաբանությունն ու եզրահանգումները և դրանք ներկայացնել որպես իր սեփական սահուն պատասխանը։ Աղբյուրի անունը կարող է հայտնվել վերջում, թաքնվել լրացուցիչ պատուհանի տակ կամ ընդհանրապես չերևալ։ Իսկ երևալու դեպքում էլ դեռ մեծ հարց է՝ որքան է հավանականությունը, որ ընթերցողը ընդհանրապես ուշադրություն կդարձնի աղբյուրին։

Հետևաբար հիմնական հարցն այլևս այն չէ՝ թույլ տա՞լ բոտերին մտնել հայկական լրատվական կայքեր։ Նրանք արդեն մտնում են։

Իրական հարցն այն է, թե ինչ պայմաններով են մտնում, ինչ են վերցնում և ինչ են վերադարձնում։ Եվ կարևոր է հասկանալ, որ սա այն դեպքն է, որ մեկ լրատվական իր ուժերով հարցը լուծողը չէ։ Ամենայն հավանականությամբ հարկավոր է անել Հայաստանի համար անհնարին է՝ հավաքվել և փորձել միասնական լուծում ստանալ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more