▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Պուտինը որոշի Լեռնային Ղարաբաղի հարցը. Ժիրինովսկի

newspress.am-ը գրում է. «Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը, ունակ են լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև քրդական հարցը»,- նախօրեին ադրբեջանական «Լիդեր TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Եթե Թուրքիան զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա հավերժ է: Տնտեսական, ինչպես նաև առևտրական և արդյունաբերական առումներով` միայն պլյուսներ են, ոչ մի մինուս: Մենք հյուսիս ենք, նրանք` հարավ: Մենք պատրաստ ենք նրանցից ամեն ինչ վերցնել, այն, ինչ արտադրում է հարավային երկրի տնտեսությունը` ներառյալ ծովերն ու լողափերը և տալ այն ամենը, ինչ պետք է հյուսիսային երկրից, որը հանդիսանում է աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկը: Մեզ այսօր թուրքերն ավելի լավ են վերաբերվում, քան լեհերը, ֆինները և նույնիսկ քան Ուկրաինայում: Ոչ մի հակառուսական ակցիա Թուրքիայում գործնականում չի լինում: Մենք հետևություն ենք անում այն իրականությունից, որ Թուրքիայի մեծ թվով բնակիչներ շատ լավ են վերաբերվում Ռուսաստանին: Քանի որ նրանք առևտուր են անում, զբոսաշրջիկների են ընդունում, նրանք օգուտ են տեսնում Թուրքիայի հետ հարաբերություններում: Իսկ Սիրիան պատերազմ է: Եվրամիությունը նվաստացումներ, վիրավորանքներ ու քննադատություն է հղում Թուրքիայի հասցեին: Դրա համար Թուրքիան հիանալի առիթ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար»,- վստահ է քաղաքական գործիչը:

«Եթե Թուրքիան ու Ռուսաստանը միավորեն իրենց առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը, ապա և′ քրդական, և′ հայկական հարցերն իրենք իրենց կվերանան: Եվ ինքն իրեն կվերանա Ղարաբաղյան հարցը, և Ադրբեջանը գոհ կլինի, այսինքն` ամբողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի հեռանկարները հիանալի կլինեն»,- նշել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Պատասխանելով այն հարցին, թե  ինչպիսի լուծում է տեսնում ղարաբաղյան հարցի վերաբերյալ, ՌԼԴԿ առաջնորդն ընդգծել է. «Մենք այստեղ չենք կարող որոշել, թող դա Կրեմլը որոշի, մեր նախագահը: Բայց կարելի է ինչ-որ կարգավիճակ գտնել Լեռնային ղարաբաղի համար, որպեսզի և′ հայերը գոհ մնան, և′ ադրբեջանցիները: Այսինքն` գտնել այնպիսի տարբերակ, որ ոչ մեկը մյուսից պահանջներ չունենա, կախված չլինի մյուսից, ինչպես ասում են ազատ քաղաքական զոնա լինի: Լինի ազատ` ինչպես Կոնստանտինոպոլը կամ Դանցիգը: Գտնել այնպիսի տարբերակ, որ և գայլերը կուշտ մնան, և գառները` ողջ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին