▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ 2026-27թթ․ մրցաշրջանի ՀՊԼ և ԱԽ մասնակից յուրաքանչյուր ակումբում կարող է հայտավորվել ՀՀ-ում չմարզված և/կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ չհանդիսացող առավելագույնը 15 ֆուտբոլիստ։ Եթե ակումբն ունի ԱԽ-ում ելույթ ունեցող դուստր թիմ, ապա սահմանափակումը տարածվում է երկու թիմերի ընդհանուր հայտավորումների վրա։

Այս որոշումը տարակարծություններ է առաջացրել ակումբների և ֆուտբոլասերների շրջանում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մի քանի ակումբ անհամաձայնություն է հայտնել ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված փոփոխությանը: Նրանք կոչ են անում ՀՖՖ Գործադիր կոմիտեին հրավիրել արտահերթ նիստ և վերանայել նշված որոշումը։

Այս հարցի վերաբերյալ armsport.am-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։

«Մի քանի հայկական ակումբներ դեմ էին այն փոփոխությանը, որով մեկնարկային կազմում 3 հայ ֆուտբոլիստի փոխարեն պարտադիր պետք է հանդես գան 4 հայ խաղացողներ։ Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը։ Հասկանալով նաև ակումբների մտահոգությունները՝ ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փոփոխությունը լավագույն լուծումն է՝ ի շահ հայ ֆուտբոլիստների զարգացման։

Որոշ ակումբներ պնդում էին, թե մեկնարկային կազմում 4 հայ խաղացող ունենալու պահանջը կարող է ստեղծել արհեստական մրցակցություն։ Եթե այդպես է, ապա կարծում եմ՝ 15 լեգիոների սահմանաչափը լիովին բավարար է, որպեսզի հայ ֆուտբոլիստների համար ձևավորվի առողջ և բնական մրցակցային միջավայր։

Կարծում եմ՝ 15 լեգիոներով համալրված կազմը լիովին բավարար է, որպեսզի ակումբները պահպանեն իրենց մրցունակությունը, իսկ հայ ֆուտբոլիստները հնարավորություն ունենան իրենց տեղը նվաճել արդար մրցակցության պայմաններում։ Եվ, ի վերջո, եթե չենք ցանկանում հայ խաղացողների համար արհեստականորեն ապահովել խաղաժամանակ, ապա պարտավոր ենք նրանց համար ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որտեղ նրանք կկարողանան զարգանալ, ապացուցել իրենց որակները և արժանիորեն վաստակել իրենց տեղը թիմում»,- ասել է Մելիքյանը аrmsport.am-ին:

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին