Թարմացում․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են՝ Լոռիում ու Տավուշում թունավորման ախտանիշներով բուժկենտրոն դիմածների թիվը հասել է 22-ի։ Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք, որ Լոռիում հարսանիքի մասնակցած մեծ թվով անձինք թունավորվել են։
ՀԿՎԱԿ-ից նոր մանրամասներ են հայտնել՝ նշելով․
«2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։
Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։
Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»։
***
|
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը 2026թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին: Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, ըստ այդմ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: |


