▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցածի բուն պատճառը ՀՀԿ-ն էր՝ իր ապիկար կառավարմամբ, անարդար մթնոլորտի ստեղծմամբ.Արա Պապյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ էր սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։ 14 օր Փաշինյանը քայլեց, եղավ Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Սևանում, Հրազդանում, Աբովյանում և հասավ Երևան: Ազատության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, դրանք կրեցին շարունակական բնույթ՝ ուղեկցվելով գործադուլով, դասադուլով, փողոցների փակումով: Շատերի համար անակնկալ կերպով մարդկանց թիվն օրեցօր ավելացավ ու տեղի ունեցավ անսպասելին՝ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից: ժողովրդի կողմից որպես վարչապետի թեկնածու առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի քան 8 ժամ տևած նիստի վերջում տեղի ունեցավ քվեարկություն: Նիստին ներկա 102 պատգամավորներից վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, 56 պատգամավոր դեմ էր։ Նիստից բացակայում էին երեք պատգամավորներ, երկուսը՝ «Ծառուկյան» դաշինքից, մեկ պատգամավոր՝ ՀՀԿ-ից: Մայր Օրենքի համաձայն մեկ շաբաթ հետո՝ մայիսի 8-ին Ազգային ժողովը վարչապետի նոր ընտրություն պետք է կազմակերպի: Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը կլուծարվի: Հեղափոխության, ԱԺ նիստի, վարչապետի ընտրության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք դիվանագետ Արա Պապյանի հետ:

Պարոն Պապյան, լրագրողների հետ հանդիպումների ժամանակ քաղաքագետները հաճախ են խոսել Հայաստանում տիրող վիճակի մասին, ասել են, որ մարդիկ շատ են արտագաղթելու, բայց կարծես թե խոսք չէր եղել ընդվզման, հեղափոխության մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչը հիմք հանդիսացավ, որպեսզի մարդիկ ոտքի կանգնեն ու պայքարեն:

-Իրավիճակն արդեն դարձել էր անտանելի և, եթե հայտնի հեղափոխական Լենինի խոսքերով ասենք՝  ներքևներն այլևս չէին ուզում, վերևներն այլևս չէին կարող ապրել և կառավարել նույն ձևի: Բոլորն էին տեսնում, որ օրեցօր կուտակվում է այդ ամենըԼ Ճիշտ է, արտագաղթը մեղմում էր լարվածությունը, բայց ովքեր որ շարունակում էին մնալ երկրում, վատ տնտեսության, անարդարության պատճառով նրանց համբերության բաժակը լցվեց: Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանին, ապա նա նախկինում նման շարժումների բազում փորձեր է արել, սակայն հաջողության չէր հասել: Հիմա ստացվեց, քանի որ պահը հարմար էր: Միգուցե ինքն էլ չէր մտածում, որ այսպես կստացվի: Լավ է, որ ստացվեց: Չգիտեմ, թե ինչքանո՞վ կկարողանանք ճիշտ օգտագործել հնարավորությունները:

ՀՀԿ-ական պատգամավորներին, իշխանության ներկայացուցիչներին շատ է հետաքրքրում այն, թե  դրսի ո՞ր ուժն է  կանգնած Փաշինյանի թիկունքում: Այսինքն, մենք մեր երկրում փոփոխություն կատարելու ունակ չե՞նք:

-Ամեն մարդ աշխարհն իրենով է չափում: Իսկ պատգամավորները, քանի որ ինքնուրույն մարդիկ չեն, իրենց կողքին  ինչ-որ մեկն է կանգնած,  ինչպես իրենք էին ասում՝ իրենց պապա Սերժ Սարգսյանը, նրա թիկունքում էլ Պուտինն էր: Ամբողջ կյանքում այդպես են ապրել: Հասկանո՞ւմ եք, դժգոհելու համար երկրորդ կամ երրորդ ուժի հրահրման կարիքը չկա: Մարդիկ ամեն օր էին իրենց մաշկի վրա զգում ամեն ինչ: Տեղի ունեցածի բուն պատճառը ՀՀԿ-ն էր՝ իր ապիկար կառավարմամբ, անարդար մթնոլորտի ստեղծմամբ, քաղաքական, խորհրդարանական պայքարի հնարավորությունների սահմանափակմամբ: Իսկ վարչապետի ընտրության օրը ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավորների հարցերն անտեղի էին,  որովհետև նման հարցեր կարող էին տալ մեկին, ով ինչ-որ ժամանակ եղել է իշխանության ղեկին, հանդես էր գալիս ծրագրով: Բայց միշտ ընդդիմադիր մարդուն հարցնել, թե ինչո՞ւ է երկիրն այս վիճակում, «Նաիրիտն» ինչո՞ւ չի աշխատում, ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին և այլն,  պարզապես անհեթեթություն է: Այդտեղ շատ վատ, դավաճանական միտում էր նկատվում.ցանկանում էին հարցերն այնպես տալ, որպեսզի դրանց պատասխաններից հանեին հատվածներ և ռուսներին ներկայացնեին որպես հակառուսական հռետորաբանություն և աջակցություն ստանային: Ակնհայտ է՝ նրանց տակտիկան այն էր, որ դրսից  աջակիցներ գտնեին, քանի որ ներսում չկար ոչ իրենց շարքում, ոչ՝ պետական ապարատում:

Ձեր կարծիքով Ռուսաստանի պահվածքն ինչպիսի՞ն է:

-Մինչ օրս ռուսներն իրենց լավ ու ճիշտ են պահել: Կոշտ միջամտություն չեն արել՝ բացառությամբ  երկու պատգամավորի տխմար հայտարարությունների, որն էր՝ ՀՀ-ում հեղաշրջում է, արևմտյան ուժեր են կանգած դրա հետևում և այլն: Բայց, երբ նայում ենք իրենց ԱԳՆ-ի և նախագահի վարչակազմի հայտարարություններին, բարի տոնով էին, անգամ ոչ դիվանագիտական քաղցր խոսքեր էին ասում: Կարծում եմ՝ ՌԴ-ի վերնախավը հասկացավ, որ սա իրոք համաժողովրդական շարժում է և անիմաստ է դեմ գնալ, որովհետև բացի վարկաբեկվելուց, Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք հրահրելուց՝ ոչնչի չէին հասնի: Փաշինյանն էլ կարողացավ դիվանագիտորեն զուսպ պատասխաններ տալ հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ չեն լինելու: Նա փարատեց ռուսների մտավախությունը՝ կապված ռազմաբազայի՝ ՀՀ-ում մնալու հետ: Ռուսներին հիմնականում դա է պետք: Ուրիշ է գործարարների դեպքը: Նրանք իրենց տնտեսական շահերն ունեն այստեղ: Իրենց պետք չէ, որ կլինի իշխանություն, որը կհարցնի, թե ինչո՞ւ է էլեկտրականությունն այդքան թանկ, ինչո՞ւ է գազը մեկ գնով մտնում Հայաստան, բայց մինչև սահմանից Երևան է հասնում՝ կրկնապատկվում է: Մենք ռուսների հետ պետք է մնանք դաշնակիցներ՝ փոխադարձ շահի հաշվառումով: Չպետք է Հայաստանն անընդհատ իր շահերը զոհաբերի հանուն Ռուսաստանի, քվեարկի նրանց օգտին, ամեն ինչ իր վրա վերցնեն, բայց փոխհատուցում չլինի: Ռուսները հաճախ իրենց գործողություններով հակահայկական աշխատանք են տանում: Չմոռանանք զենքի վաճառքը, ատոմային տեխնոլոգիաների, S-400-ի փոխանցումը Թուրքիային: Սա նրանց համար գուցե բիզնեսի, բայց մեզ համար անվտանգության հարց է: Ուրախ եմ, որ Փաշինյանն ասաց՝ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն: Ռուսաստանը չպետք է մտածի, որ Հայաստանն իր գրպանում է:

Թե՛ ԱԺ նիստի ժամանակ, թե՛ առանձին զրույցներում անդրադարձ է կատարվում Արցախին: Մարդիկ սոցիալական ցանցերում գրում են, որ սպասում են Փաշինյան-Ալիև հանդիպմանը:  Նոր իշխանությունը պե՞տք է  փոխի բանակցությունների բովանդակությունը.Մադրիդյան սկզբունքներ և այլն:

-Արցախի հարցը նուրբ է: Փաշինյանը ընտրվելու դեպքում ժամանակավոր վարչապետ է լինելու: Պետք էլ չէ, որ Փաշինյանը հանդիպի Ալիևին: Թող մի քանի ամիս էլ չհանդիպեն: Եղել են ժամանակներ, երբ տարիներով նախագահները չեն հանդիպել: Թող նախարարների, փոխնախարարների մակարդակով հանդիպեն: Օրենքը թույլ է տալիս ցանկացած անձի լիազորել՝ բանակցելու ՀՀ անունից: Կառաջարկեի, որ դա աներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա Սահմանադրությամբ չունի այդ լիզորությունները, բայց վարչապետը կարող է թույլ տալ, մինչև որ նոր Սահմանադրություն կընդունվի, նոր վարչապետ: Այդ ժամանակ էլ կուսակցությունները թող հանդես գան ծրագրով, թե ինչպե՞ս են պատկերացնում տարբեր խնդիրների, Արցախի լուծումը: Ընթացքում մեզ համար ընդունելու լուծմանը կհանգենք: 

Մայիսի 8-ին ԱԺ-ում կրկին վարչապետ են ընտրելու: Այս պահի դրությամբ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Շատերն ասում են՝ ՀՀԿ-ն հնարավոր է կրկին չքվեարկի,: Ի՞նչ տարբերակներ կարող են լինել:

-Կարծում եմ՝ ՀՀԿ-ն մի քանի տարբերակ է մշակել: Իրենց ասածից չի երևում, որ Փաշինյանին են պաշտպանելու: Ընդամենն ասում են, որ ՀՀ-ն կունենա վարչապետ: Դա կարող է Նիկոլը չլինել: Եթե վերջին պահին «Ծառուկյան» դաշինքը հրաժարվի խոստումը կատարել, 1/3-ի քվե հնարավոր չէ հավաքել: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 6-ին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին