▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարբեր երկրներ ներկայացնող իմ համակուրսեցիներից ես միակն եմ, ում պետությունը չի աջակցում

Հայաստանում մի շարք հեղինակավոր ամսագրերի և ընկերությունների հետ իր համագործակցությամբ հայտնի լուսանկարիչ Արթուր Հովակիմյանն, ով այժմ գտնվում է Փարիզում՝ ոլորտում կատարելագործվելու նպատակով,  ոչ պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել դեռ 2002-ից՝ չպատկերացնելով, որ  այն երբևէ  կդառնա սիրված մասնագիտություն:  Արթուրն իրեն պրոֆեսիոնալ լուսանկարիչ է համարում 2007-ից, երբ սկսել է համագործակցել տարբեր ընկերությունների, ամսագրերի հետ՝ որպես գլխավոր լուսանկարիչ:  Դեռ Հայաստանում ծավալած գործունեության,  Փարիզ մեկնելու նպատակների, լուսանկարչի «զենքերի»և այն ամենի մասին, ինչ լուսանկարչին  տալիս է Փարիզը և ինչը պակասում է Երևանում՝   ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Հովակիմյանի հետ:

-Հիշու՞մ եք Ձեր առաջին քայլերը, առաջին լուսանկարը…

-Իհարկե… շատ պատահական ստացվեց, որ  սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ՝ որպես պրոֆեսիոնալ աշխատանք:  Մինչ այդ լուսանկարչությունն ինձ համար ընդամենը հոբբի էր: Ես աշխատում էի առաքման ոլորտում՝ որպես սուպերվայզեր:  Այնպես ստացվեց, որ ես կորցրեցի իմ աշխատանքը,  և կարճ ժամանակ անց  ընկերներիցս մեկը, ով բացել էր  հագուստի նոր խանութ, առաջարկեց կազմակերպել գովազդային ֆոտոնկարահանում, որն էլ դարձավ իմ առաջին ֆոտոշարքը՝ մեծ արձագանք ունենալով այդ ոլորտում:  Եվս մի քանի հաջողված ֆոտոշարքերից հետո ես առաջարկ ստացա Էռնեստո Մարկոյի կողմից՝ աշխատել «Luxury» ամսագրում՝ որպես գլխավոր լուսանկարիչ:

- Ի՞նչ է լուսանկարչությունը Ձեզ համար:

-Լուսանկարչությունն ինձ համար հնարավորություն է՝ ֆիքսել շրջանակում իմ տեսածը և ընկալածը:

-Որքան գիտեմ՝ վերջերս եք հաստատվել Փարիզում: Ի՞նչ նպատակով: Հե՞շտ է Հայաստանից հեռու ապրել և ի՞նչ է տալիս հայ լինելու գիտակցումը:

-Լինելով ինքնուս լուսանկարիչ և ունենալով տարիների փորձ՝ միևնույն է՝ ես միշտ համարել եմ, որ գրագետ լուսանկարիչ լինելու համար անհրաժեշտ էր բարձրագույն և որակյալ կրթություն այդ ոլորտում: Այդ իսկ պատճառով,  սկսած 2010 թվականից,  փորձում եմ արտասահմանում որակյալ կրթություն ստանալու ճանապարհ գտնել, որովհետև, ցավոք,  մենք այսօր Հայաստանում  չունենք որևէ հաստատություն, որտեղ կարելի է ստանալ բարձրագույն կրթություն այս ասպարեզում:

Ցանկացած հայի համար, ով արժևորում է ընտանիքը, Հայրենիքը, ընկերներին, Հայաստանից հեռու ապրելը շատ դժվար է: Միևնույն ժամանակ՝  շատ դժվար է գիտակցել այն փաստը, որ ի տարբերություն իմ համակուրսեցիների, ովքեր ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ,  ես միակ ուսանողն եմ, ով չունի պետական սատարում: Եվ դա այն դեպքում, երբ իմ սովորելու նպատակն  իմ ստացած միջազգային կրթությունը,   փորձը Հայաստան բերելն էր ու առաջին որակավորված  Ֆոտոհամալսարան բացելը:

-Նախքան տեղափոխվելը Հայաստանում համագործակցել եք մի շարք ամսագրերի հետ...

-2007 թվականից համագործակցում էի «Luxury» ամսագրի հետ, այնուհետև սկսեցի համագործակցել  նաև «El Style», «Elite Life», «Ararat», «Bali», «Exclusive Book» ամսագրերի և պարբերականների հետ՝ շատ անգամ նկարելով դրանցից շատերի շապիկները:

Նաև պատիվ եմ ունեցել համագործակցել «Armenia Travel» տուրիստական ընկերության հետ, որը շատ անգամ տուրիստական ոլորտի միջազգային  ցուցահանդեսում ներկայացնում է Հայաստանը իմ նկարած նկարներով:  

-Աշխատել եք նաև հայտնի մարդկանց հետ, ու՞մ հետ հատկապես և ի՞նչ է դա տալիս առհասարակ:

-Հայտնի մարդկանց հետ աշխատելը հնարավորություն է ընձեռում լուսանկարչին՝ ներկայացնելու տվյալ անձին իր իսկ պատկերացրած անկյունից, ձևով և ներկայացնել  դա լայն ասպարեզի դատին՝ դրանով իսկ ուենալով հետադարձ կարծիք և ճանաչում:

-Ո՞ր ժանրն է ավելի հոգեհարազատ:

-Ավելի հոգեհարազատ են  «Fashion»  և «portrait» ժանրերը, որովհետև ի տարբերություն ռեպորտաժային լուսանկարչության՝ այս ժանրերը պատկանում են բեմադրված լուսանկարչությանը: Ես սիրում եմ կառուցել, պատկերացնել, տեսնել լուսանկարը նախ մտքում:

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում: Տրամադրությունը, հոգեվիճակն ազդու՞մ են աշխատանքի վրա:

-Ես փնտրում եմ ոգեշնչման աղբյուր՝ անընդհատ և ամենուր՝  լուսանկարներում, մարդկանց զգացմունքներում, գեղեցիկ վայրերում, արվեստում, և շատ անգամ գտնում եմ այն շատ անսպասելի վայրերում ու դրվագներում:  

-Ի՞նչ է տալիս Փարիզը և ի՞նչն է պակասում Հայաստանում՝ Ձեր ոլորտում կատարելագործվելու համար:

- Ինչպես գիտեք, Փարիզը աշխարհի լուսանկարչության մայրաքաղաքներից է,  և այնտեղ շատ գնահատում և հարգում են լուսանկարչին և իր աշխատանքը:  Դա հնարավորություն է տալիս՝  ունենալ անսահմանափակ հեռանկարներ այս ասպարեզում, որը, ցավոք սրտի, Հայաստանում դեռ պակասում է: Հայաստանում լուսանկարիչը հանրության մեծամասնության կարծիքով այն մարդն է, ով ունի լավ ֆոտոխցիկ և ընդամենը սեղմում է կոճակը: Բայց չէ՞ որ դա արվեստ է, որը տրված է ոչ բոլորին:

-Հաճախ ասում են լուսանկարիչը հավերժացնում է ակնթարթը, որսում է անորսալին: Հաճախ նկատում է այն, ինչ սովորոական աչքից աննկատ է մնում: Ո՞րն է առեղծվածը… Ո՞ր հատկանիշն է օգնում տեսնել «անտեսանելին» ու «թաքնվածը»:

-Լուսանկարչի զենքերը իր աչքերն ու մտքերն են: Կախված լուսանկարչության տարբեր ճյուղերից՝  զենքերը ևս տարբեր են: Ռեպորտաժային լուսանկարչության մեջ կարևորն ինֆորմացիան է, որ տալիս է այդ լուսանկարը, իսկ բեմադրված լուսանկարչության մեջ՝  արտաբերված մտքերը:  Այսպիսով՝ դրանք շատ տարբեր են: Կարող եմ ասել, որ ցանկացած լուսանկար արտացոլում է ժամանակի որոշակի դրվագ, որը իրական կյանքում ժամանակից ելնելով անհետանում է, իսկ լուսանկարը հավերժացնում է այն:

-Ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ունեմ հստակ ծրագրեր, սակայն դեռ չեմ ուզում բացել փակագծերը:

Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին