▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Մեղրյանի «Եղնիկները»

Օրերս նշվեց «Եղնիկներ» հանրահայտ զորամասի ստեղծման 20-ամյակը (դժվար է ասել, թե... շուքով): Սակայն այս քսան տարիների ընթացքում շատերը զարմանալիորեն փորձում են մոռանալ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի ու հետագայում նույնանուն զորամասի ստեղծողի՝ Շահեն Մեղրյանի անունը: Իսկ դա անհնար է, ճշմարտությունը, միևնույն է, ապտակում է կեղծ, շինծու, կուսակցականացված պատմությանը:

Իրականում եղել է հետևյալը:

Շահումյանի անկումից հետո Շահեն Մեղրյանը որոշում է սկսել պարտիզանական շարժում՝ թշնամու թիկունքում: Նա արագ ձևավորում է 30 հոգանոց առաջին ջոկատը և 1992-ի հունիսի 20-ին մտնում Հաթերքի անտառներ: Մի քանի օր անց թշնամին գրավում է Հաթերքը, այնուհետև հասնում է մինչև Մարտակերտ: Մեղրյանի «Եղնիկներ» հայդուկային ջոկատը ռազմական կայան է ընտրում Արտատափի անտառները, որտեղից էլ դիվերսիոն գործողություններով բազմիցս խոչընդոտում է թշնամու առաջխաղացմանը, թիկունքից հանկարծակի հարձակվելով թուրքերի վրա՝ պատճառելով մարդկային և տեխնիկայի բազմաթիվ կորուստներ: Սակայն ջոկատն ամբողջությամբ շրջափակման մեջ էր: Միակ գործող ռացիային մերոնք գրեթե չէին արձագանքում: Շատերը, այդ թվում և մեր իշխանությունները, հաշտվել էին Շահումյանի կորստի հետ: Եվ «Եղնիկներ» ջոկատին փորձում էին «մոռացության» մատնել: Արգելված էր օգնության հասնել մարտնչող «Եղնիկներին»: Սակայն մի քանի հայրենասեր ու հնարամիտ այրերի ջանքերով կազմակերպվում է երկու ուղղաթիռների թռիչքը Շահումյան: Խաբում են, թե իբր սահմանամերձ Շամշադին են մեկնում, սակայն իրականում թռչում են Շահումյան՝ Արտատափի անտառ: Այսպես թուրքի երախից փրկվում է «Եղնիկներ» ջոկատը: Սակայն Երևանում նրանց գրկաբաց չէին ընդունելու: Տղաները դա գիտեին: Մի քանի հոգով կազմակերպում են գաղտնի վայրէջք Հրազդանում: Տասը օր անց ջոկատը համալրվում է պրոֆեսիոնալներով և ուղղաթիռներով վերադառնում «Եղնիկների» ռազմակայան՝ թուրքերի որջը: Այդ պահից սկսած ջոկատի գործողություններն ավելի նպատակասլաց են դառնում: «Եղնիկները» համալրվում են շահումյանցիներով, թալիշցիներով, Երևանից մեկնած ֆիդայիներով և պրոֆեսիոնալ զինվորականներով: «Եղնիկները» կատարյալ գլխացավանք են դառնում թուրքերի համար: Դիվերսիոն գործողություններն ավելի հաճախ ու ավելի հուժկու են դառնում: Արդեն շուրջ 300 հոգանոց զորախմբի հայդուկապետ Շահեն Մեղրյանն իր անձնուրաց ֆիդայիներով փակում էր մայրուղիները, թշնամուն կտրում թիկունքից, հանկարծակի հարձակվելով ոչնչացնում էր ահռելի թվով զինտեխնիկա, թշնամուն պատճառում մեծ կորուստներ: Այս գործողությունները մեծապես նպաստեցին Մարտակերտի հաղթանակին ու Քարվաճառի ազատագրմանը: Սարսանգի ավազանում մի շարք գյուղեր ազատագրեց «Եղնիկները»: Թուրքերից մաքրվեցին Տոնաշենը, Հաթերքը, Մատաղիսը: Կատաղի մարտերը շարունակվում էին Գյուլիստանի և Շահումյանի ուղղությամբ:

Այլևս անհնար էր հաշվի չնստել «Եղնիկներ» զորախմբի հետ, և 1993-ի մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվեց «Եղնիկներ» զորամասը, որի մարտիկները մինչ այդ 10 ամիս շարունակ թշնամու թիկունքում ջլատում էին թուրքերի ուժերը: Հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը: «Եղնիկների» ռազմակայանը տեղափոխեցին Եղակեր: Առաջին անգամ օրինական զենք-զինամթերք հասցրին հայդուկներին: Ապրիլի 2-4-ը «Եղնիկներն» ազատագրեցին Գյուլիստանն ու Թալիշը: Ապրիլի 17-ին զոհվեց մեծ հայդուկապետը՝ Շահեն Մեղրյանը: Մեկ շաբաթ անց Երևանից հրաման եկավ՝ թողնել գրաված Գյուլիստանը և Շահումյանի բարձունքներն ու նահանջել Ղարաբաղ...

Այսպես է ստեղծվել «Եղնիկներ» զորամասը:

Այսօր իրենց տղաներին բանակ ճանապարհող ծնողները վախով են տալիս «Եղնիկներ» անունը, որովհետև խաղաղ պայմաններում դեռևս զինվորներ են սպանվում: Անհրաժեշտ է խիստ կարգուկանոն մտցնել այնտեղ, դրանով նաև կհարգենք լեգենդար «Եղնիկների» զոհված տղաների ու նրանց հայդուկապետ Շահեն Մեղրյանի հիշատակը:

 

ՀԱՅԱՑՔ թերթ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին