▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվու՞մ է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս տարի «Մանկական Եվրատեսիլի» հոբելյանական՝ 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնեցին, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Տեղեկացվեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Վերջին օրերին, սակայն, մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի հետ կապված՝ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը:

Ավելին, մեր աղբյուրները հայտնում էին, որ այդ մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, և կազմակերպչական աշխատանքները սառեցվել են: «Փաստը» դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ խնդրելով մեկնաբանել այս տեղեկությունները: «Հանրային հեռուստաընկերությունը բնականոն կերպով շարունակում է կազմակերպչական աշխատանքները «Մանկական Եվրատեսիլի» անցկացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Օհանյանը՝ հավելելով, որ հենց այս օրերին Երևանում գտնվող՝ Եվրատեսիլի կազմակերպչական թիմի հետ քննարկումներ ու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին