▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական գործիչների ամանորյա ուղերձները. «ՉԻ»

Սերժ Սարգսյան (ՀՀԿ) 


Անշուշտ, անցնող տարին Այծի տարի էր, եւ բնականաբար` Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձանագրեց բազմաթիվ փայլուն հաջողություններ։ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց համայն աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ավելին` Քիմ Քարդաշյանի այցի ընթացքում պարզ դարձավ, թե Հայաստանի Հանրապետության հատկապես ո՛ր կետի վրա է բեւեռված առաջադեմ մարդկության ուշադրությունը։

Անշուշտ, տարվա ընթացքում մենք ունեցանք նաեւ մի շարք փայլուն բացթողումներ, որոնցից կարեւորագույնը թերեւս Սուրիկ Խաչատրյանի որդուն բաց թողնելն էր։ Ես, իհարկե, կարող էի իմ ամանորյա ուղերձում ավելի հանգամանորեն ամփոփել տարին, բայց մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Այնպես որ` Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ)

Սիրելի ժողովուրդ, հանցավոր վարչախումբը խուճապի մեջ է եւ լեղապատառ փախչում է։ Մենք առնվազն 400 կոնկրետ փաստեր ունենք, որ ավազակապետական բուրգը ճաքեր է տալիս։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ըստ էության պայքար էր Պյուռոսի եւ բարոյականության միջեւ, դրա համար էլ հանցավոր վարչախումբը պյուռոսյան հաղթանակ տարավ, իսկ ընդդիմությունը` բարոյական։ Մեզ չզարմացրեց, որ որոշ ուժեր, որոնք այս ամենը «կեղծ օրակարգ» էին անվանում կամ չէին ուզում ժողովրդին տանել պարտության, չմասնակցեցին գործընթացին։ Չզարմացրեց, որովհետեւ անցնող տարին Այծի տարի էր։ Ավելին` վստահ ենք, որ եկող տարի էլ են նրանք նույն կերպ վարվելու, որովհետեւ եկող տարին էլ Կապիկի տարի է։ Բայց մենք շարունակելու ենք մեր հետեւողական պայքարը եւ ջախջախելու ենք ավազակապետական բուրգը։ Շնորհավոր, շնորհավոր մինչեւ վե՛րջ։

Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ)

Այս պահին ԲՀԿ-ի օրակարգում ամանորյա ուղերձի հարց չկա, բայց ես Այծին, Կապիկին եւ կենդանակերպի նշանի նրանց բոլոր գործընկերներին կոչ կանեի ավելի կոռեկտ լինել եւ մնալ չափի մեջ։ Մենք շատ լավ գիտենք, թե կենդանակերպի նշաններից որը որին է հաջորդում, ինչով է սնվում եւ ինչ գործառույթներ է իրականացնում, ուստի պատասխանը կարող է շատ ցավոտ լինել։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Արա Աբրահամյան  (առայժմ անհայտ  կուսակցություն)։

Ուվաժաեմիյ արմյանսկիյ նարոդ։ Յա, կակ պրաստոյ ռուսկիյ արմյանին ի դերեվյաննի պարեն, ի կակ սլիշկըմ զնակոմիյ ս ուվաժայեմիմ Վլադիմիրոմ Վլադիմիրովիչոմ, խաչու, շտոբ գոդ օգնեվոյ աբեզյանի ստալ գոդոմ ուսիլյենիյա արմյանսկովո նարոդա, գոդոմ սիլի վոլի ի դուխի։ Կակ Գավարիլ ֆիլոս Սոկրատ` ս նովիմ գոդոմ ի ռաժդենիեմ։

Աղվան Վարդանյան (ՀՅԴ)

Սիրելի հայրենակիցներ։ Անցնող տարին մեր 125-ամյա կուսակցության համար բացառիկ սխրանքների եւ նվաճումների տարի էր։ Կուսակցությունն, ինչպես միշտ, դրսեւորեց բացառիկ սկզբունքայնություն, եւ քանի որ Այծի տարի էր` ակտիվորեն համագործակցեց իշխանությունների հետ եւ «այո» ասաց սահմանադրական փոփոխություններին։ Մնում է միայն կյանքի կոչել մեր հետագա ծրագրերը եւ լիարժեք պատասխանատվություն ստանձնել առնվազն երեք մարզերում։ Ցավոք` առայժմ դա մեզ չի հաջողվում, ինչը ստիպում է հիշել, որ այլ վարկածով` 2015-ը ոչ թե Այծի, այլ Ոչխարի տարի էր, բայց մենք լիահույս ենք, որ եկող տարի մեզ այնուամենայնիվ կհաջողվի անմիջական մասնակցություն ունենալ պետական կառավարմանը` փոխշահավետ պայմաններով։

Մահ կամ Ազատությո՛ւն։ Գալ տարի կառավարության մե՛ջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին