▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կողմից Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված անձը հայտնի է քրեական անցյալով

Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ Վանաձոր քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակված Փելեշյանը պաշտոնավարման 4 տարիներին երբևէ հարցազրույցներ չի տվել, ելույթներ չի ունեցել, փոխարենը հանրությանը հայտնի է Վանաձորի տարբեր հատվածներում ծավալած բիզնեսներով ու քրեական անցյալով։

«Ազատություն»-ը գրում է.

««Ակա» մականունով Արկադի Փելեշյանը, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, դեռ 14 տարի առաջ դատապարտվել է խուլիգանության համար։ 2016-ին էլ հոգևորականի էր ծեծել՝ ընտրություններում իրեն չաջակցելու համար. այս գործը դատարան չհասավ՝ կողմերը հաշտվեցին։

Դեռ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից շատ կոշտ ձևակերպումներ էր արել, թե «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - հայտարարել էր պետության ղեկավարը:

Իշխող կուսակցությունից վստահեցնում էին, թե ի տարբերություն նախորդների՝ այսօրվա իշխանությունները քրեական հեղինակությունների հետ կապ չունեն

Մինչդեռ Լոռու մարզպետն այսօր խնդիր չի տեսնում, որ Վանաձորի ղեկավարի պաշտոնը վստահվել է խուլիգանության համար դատված, քրեական գործերով անցած Փելեշյանին։ Հոգևոր առաջնորդ է ծեծել, խանութը ջարդուփշուր է արել, «ստացվել է», ասում է. - «Ցանկացած տղամարդ կարող է ինչ-որ նման միջադեպի մեջ հայտնվել, որևիցե մեկը երաշխավորված չէ: Ցանկացած մարդ կարող է մեկ-երկու անգամ ընկնել ինչ-որ մի հատ տհաճ միջադեպի մեջ, ես էլ կարող եմ ընկնել, կամ ընկել եմ: Այդ մեկ-երկու դրվագով ասել, որ այդ մարդը քրեական հեղինակություն է, և այլն, և ա՞յլն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արամ Խաչատրյանը:

Ի վերջո, ո՞ր շնորհների համար նախկինում դատապարտված Փելեշյանն արժանացավ երկրի ղեկավարի վստահությանը։ Կառավարությունում կասկածներ չունեն, թե փոխքաղաքապետ եղած ժամանակ նա տեղյակ է եղել ենթադրյալ կոռուպցիոն գործարքներից, որոնց համար նրա վերադասը՝ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այժմ գտնվում է բանտում։ «Տեսականորեն ընդունենք, որ քաղաքապետը չարաշահումներ է արել, դա դեռ չի նշանակում, որ իր տեղակալը, կամ, չգիտեմ, մյուս տեղակալը, կամ խորհրդականը նույնպես չարաշահել են», - ասաց մարզպետը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին