▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը

2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արվել՝ կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան, և այդ մասին Փաշինյանին փոխանցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իսկ Փաշինյանն ասել է, որ ժողովրդի մի մասն իր այդ քայլը վատ կընդունի՝ նկատելով, թե «դրանից հետո իրեն ի՞նչ կասեն»։

«Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, պարզվում է, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ առաջին նախագահի այդ առաջարկը:

168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ կապ է  հաստատել  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, ով  լրագրողի  հարցին ի պատասխան՝ հաստատել է կայքի  տեղեկությունը, միայն մեկ ճշգրտում անելով, Փաշինյանի մոտ այդ հարցն ինքը չի բարձրացրել։ Իսկ ո՞ւմ կողմից է բարձրացվել․․․

«Առաջին նախագահի կողմից։ Դա ամենասկզբներում էր, երբ այս իշխանությունները նոր էին եկել»։

Զուրաբյանին լրագրողը  հարցրել է՝ ի՞նչ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանը․

«Արձագա՞նք։ Մեզ որևէ արձագանք չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է արդյունքը»։

Դիտարկմանը, որ արդյունքը տեսանք, սակայն ուզում ենք իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, Զուրաբյանն այսպես է  պատասխանել․ 

«Դա արդեն լիովին անիմաստ է դարձնում որևէ արձագանքի վերլուծությունը, որովհետև պատասխանն ինքնին ակնհայտ է»։

Իսկ թե այդ քննարկումը երբ և որտեղ է եղել, Զուրաբյանն ասաց, որ Առաջին նախագահն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և հենց այդ ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին ասել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանն ընդունել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանից հետո հայտարարում էր, որ հանդիպման ընթացքում քննարկել են միայն Արցախին վերաբերող հարցեր, և, որ անդրադարձ չի եղել ներքաղաքական հարցերին, հենց այդ օրն է ՀՀ առաջին նախագահը նրան առաջարկ արել Վանո Սիրադեղյանի վերադարձը կազմակերպելու մասին։ Ի դեպ, 2018-ին նաև ստորագրահավաք-շարժում էր սկսվել Վանո Սիրադեղյանի վերադարձի առնչությամբ, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել լրագրողները՝ եթե ինքը դառնա վարչապետ, երաշխավորո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանը պատասխանել էր. «Ես չեմ կարող կոնկրետ անձանց, կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»։

Իսկ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Լևոն Զուրաբյանը կայքի  հարցին ի պատասխան՝ ասել է , որ մինչև այս պահը Կառավարությունից որևէ արձագանք չի եղել»,- հայտնում է աղբյուրը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին