|
«Առավոտից ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը սպառնում Գագիկ Ծառուկյանին, տարբեր որակումներ, գնահատականներ հնչեցնում, որոնք քաղաքական լեքսիկոնից մղոններով հեռու են»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Գործ ունենք պետական լծակները քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելուն ուղղված պարզունակ գործընթացի հետ»,- հավելել է նա:
***
Լրջագույն կասկած ունեմ, որ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Գործարանը պետականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքից հետո Գլխավոր դատախազությունը րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ, դրա իրավական մասով հետամուտ ենք լինելու։ Ցավալի է, որ մեր երկրում առկա հանցագործության բարձր ցուցանիշին, թմրամիջոցների մեծ շրջանառությանը և այս տեսակի բոլոր արատավոր գործընթացներին հետամուտ լինելու փոխարեն, մեր երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցումով է իր աշխատանքները կազմակերպում՝ պատվերով համերգի տրամաբանությամբ»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։
Վարչապետի հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը, որտեղ նշված է, թե դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
***
Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր լծված են իրենց նախընտրական ծրագիրը հանրությանը ներկայացնելու գործին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած թիմը որդեգրել է մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք, առողջ քննադատություն, այլ կա անընդունելի բառամթերք, անհավասարակշիռ պահվածք, քննադատություն, հաշվեհարդարի սպառնալիք, ԲՀԿ քաղաքական թիմի հրավիրած հրատապ մամուլի ասուլիսին հայտարարեց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Պետական լծակներն անձնական հաշվեհարդար տեսնելու գործընթաց են իրականացնում։ Ասել, որ մեզ համար բացարձակ անընդունելի է այս պահվածքը, կնշանակի ոչինչ չասել։ Որքան ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը հանդես են գալիս հավասարակշռված, ծրագրային, կառուցողական դաշտում, նույնքան ոչ հավասարակշիռ է դառնում Նիկոլ Փաշինյանի պահվածքը»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական շոուներ բեմադրելու մեծ փորձ ունեցող Փաշինյանն ու իր թիմը լավագույնս տիրապետում են մանիպուլյացիաների տեխնոլոգիաներին։
«Պիկապների վրա թռվռալով, որկրամոլության տեսարաններով հանդես գալու տեսանյութերը շատ ավելի մեծ դիտումներ են ապահովում Նիկոլ Փաշինյանի համար, բայց ուզում եմ հորդորել, փորձել վերադառնալ կառուցողական դաշտ ու փորձել ներկայացնել գեթ մեկ ծրագիր, թե ինչ են առաջարկում երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար»,-ասաց Տոնոյանը։
***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը.
Արարատի ցեմենտի գործարանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում պետությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Երբ երկրի վարչապետը հրապարակային հայտարարում է, թե մասնավոր գործարանը «լինելու է պետական», իսկ դրա աշխատակիցներին «շնորհավորում է ազատագրման կապակցությամբ», սա բացահայտ ուղերձ է, որ իշխանությունը պատրաստ է քաղաքական նպատակներով միջամտել սեփականության հարաբերություններին և նախապես որոշել մասնավոր բիզնեսի ճակատագիրը։
Եթե որևէ ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն բացառապես օրենքի շրջանակում՝ դատարանների, իրավական ընթացակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։ Սակայն երբ վարչապետն անձամբ է ազդարարում, թե ինչ է լինելու կոնկրետ ձեռնարկության հետ, ստեղծվում է տպավորություն, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է, իսկ իրավական գործընթացը պարզապես ձևականություն է։
Փաշինյանի բառապաշարը՝ «մաֆիա», «հատուցում», «բիզնես ողնաշար», հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական վրեժխնդրության մասին է։ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է իշխանության հիմնական քաղաքական հակառակորդներից մեկը ու այս ընտրական գործընթացում ֆավորիտ ուժերից մեկ առաջնորդն է, և այսօր ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում հարված հասցնել ոչ միայն նրա քաղաքական ազդեցությանը, այլև տնտեսական հենարաններին։
Սակայն այս պատմությունը շատ ավելի խորքային է, քան մեկ անձի կամ մեկ գործարանի հարցը։
Արարատի ցեմենտի գործարանը Հայաստանի արդյունաբերական համակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն համակարգաստեղծ արտադրություն է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, մասնակցում է երկրի շինարարական և տնտեսական կայունության պահպանմանը և կարևոր դեր ունի տնտեսական ինքնաբավության տեսանկյունից։ Նման ձեռնարկության շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և անկայունության մթնոլորտ ձևավորելը հարված է Հայաստանի տնտեսական դիմադրողականությանը։
Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում ցանկացած քայլ, որը թուլացնում է երկրի արդյունաբերական ներուժը, օբյեկտիվորեն վնասում է Հայաստանի տնտեսական սուվերենությանը։
Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի արդյունաբերական համակարգի թուլացումը։
Տարածաշրջանում կան պետություններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շահագրգռված են թույլ, կախյալ և տնտեսական առումով խոցելի Հայաստան ունենալու մեջ։ Հայաստանի խոշոր արտադրական համակարգերի շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և տնտեսական ապակայունացման գործընթացները չեն կարող չհամընկնել այդ շահերի հետ։
Միաժամանակ ակնհայտ է նաև նախընտրական հաշվարկը։ Փաշինյանը փորձում է ընտրություններից առաջ վերակենդանացնել «ժողովուրդ ընդդեմ օլիգարխիայի» հին մանիպուլյատիվ հակադրությունը՝ հասարակությանը ներկայացնելով, թե իբր «գույքը վերադարձվում է ժողովրդին»։ Սակայն իրականում սա սոցիալական արդարության քաղաքականություն չէ, սա քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն է մոբիլիզացնել սեփական էլեկտորատը և հասարակության ուշադրությունը շեղել կուտակված խնդիրներից։
Այս գործընթացի ամենավտանգավոր հետևանքը ներդրումային միջավայրի քայքայումն է։
Ո՞ր ներդրողը կապիտալ կներդնի մի երկրում, որտեղ սեփականության պաշտպանության մակարդակը կախված է ոչ թե օրենքից, այլ իշխանության քաղաքական տրամադրություններից, մեկ մարդու քմահաճույքից։ Ո՞վ է վստահելու այն պետությանը, որտեղ վարչապետը հրապարակային ելույթով կարող է ազդարարել մասնավոր ձեռնարկության ապագան։
Իրավական պետությունում սեփականության հարցերը լուծվում են դատարաններում, ոչ թե քաղաքական ելույթներում։ Գործարարի ճակատագիրը որոշվում է օրենքով, ոչ թե իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ կամ մեկ մարդու քմահաճույքով։ Պետությունը չի կարող վերածվել քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշման և պատժի գործիքի։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արարատի ցեմենտի գործարանի շուրջ, վտանգավոր նախադեպ է ամբողջ Հայաստանի համար։ Որովհետև երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ում բիզնեսն է «ազատագրվում», ում գույքն է «վերադարձվում ժողովրդին», և ով պետք է ենթարկվի «հատուցման», վտանգվում է ոչ միայն մեկ գործարանի ճակատագիրը, այլև Հայաստանի իրավական և պետական համակարգի հիմքերը»։
|