▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերձավոր Արևելքի հայությանը վտանգ է սպառնում

«Սիրիայում ստեղծված չափազանց ծանր և լարված իրավիճակը կշարունակվի, ավելին՝ առաջիկայում հնարավոր է, որ հակամարտությունն ավելի խորանա: Այն արդեն դուրս է եկել այդ երկրի սահմաններից և միջնորդավորված պատերազմի է վերածվել: Խնդիրը ոչ միայն Սիրիայի իշխանափոխությանն է վերաբերում, այլև նրան, թե ինչպիսի իշխանություն է ձևավորվելու, պատերազմի մասնակից ո՞ր պետությունների շահերն են գերակշռելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Գոռ Գևորգյանը՝ հավելելով.

«Այս պատերազմում առավել մեծ դերակատարում ունեցող երկրներն են՝ Թուրքիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Կան երկրներ էլ, որոնք իրենց ավանդական շահերն ունեն: Իրանն օրինակ Սիրիան համարում է ոչ միայն իր դաշնակիցը, այլև քաղաքականության իրականացման միջնորդ պետությունը: Խոսքը Լիբանանի «Հզբոլլահ»-ի հետ հարաբերությունների պահպանմանն ու զարգացման մասին է»:

Նրա փոխանցմամբ՝  ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ փաստորեն, պատերազմող ոչ մի կողմ չի ցանկանում, որ հակամարտությունը դադարի.

«Առաջին հերթին սա ԱՄՆ-ն ու ՌԴ-ն են, ապա Սիրիայի ղեկավարությունը՝ Ասադի գլխավորությամբ և այս կամ այն ուժի օգնությամբ մարտնչողները: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Ասադը մնա, իսկ դրա համար պատերազմը պետք է շարունակվի: Եվ ջանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ չափավոր ընդդիմություն կոչվածը ստիպված օգնություն խնդրի Իսլամական պետությունից, որպեսզի էլ տարանջատում չլինի չափավոր և ոչ չափավոր ընդդիմադիր ուժերի միջև: ԱՄՆ-ն էլ պնդում է, թե ոչ, սրանք չափավոր ընդդիմություն են և մեր հրետակոծությունը պետք է միայն ԻՊ-ի և նրան աջակցող խմբավորումների միջև իրականացվի:Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրը առանց ձեռքբերման Սիրիայից հետ չի վերադառնալու»,-նշեց Գոռ Գևորգյանը:

Անդրադառնալով սիրիահայերի խնդրին՝ ասաց, որ պետք է հաշվի առնենք նրանց կարծիքը, որն է՝ մնալը կամ հեռանալը.

«Արդեն ուշ է օգնության մասին խոսելը: Փորձագիտական դաշտը 2011 թվականից ասում է, որ խնդիր ունենք: Գիտեք, իսլամական աշխարհի մի հատվածում եթե կայծ է առաջանում, այն բռնկման մեծ հավանականություն ունի: Այժմ Մերձավոր Արևելքի հայությունը գտնվում է օրհասական կարգավիճակում: Մերձավոր Արևելքը փոխում է իր կրոնական պատկերը և որքան շուտ կողմնորոշվենք ու ռազմավարական ծրագիր ունենանք, այնքան լավ»,-նկատեց արաբագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին