▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Գավառում. ոստիկանները վնասազերծել են «բախտագուշակ Վարսիկի» որդուն

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։

Ոստիկանները Հ. Աբրահամյան փողոցում նկատում են ենթադրյալ կրակոցներ արձակող քաղաքացուն և փորձում են նրան վնասազերծել, սակայն վերջինս իր ձեռքին եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակում դեպի օդ, ապա դիմում փախուստի։ Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդում են այդ քաղաքացուն, ով փախնում և մտնում է Հակոբ Պարոնյան փողոցի N6 հասցեում գտնվող առանձնատան բակը։

Արդեն տեղում մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ սկսվում է այդ քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ տարվել, սակայն տղամարդը դարձյալ հրաժարվում է կատարել ոստիկանների օրինական պահանջները, այն է՝ ցած դնել զենքը և ինքնակամ հանձնվել։

Քաղաքացին առանձնատան պարսպի վրայով դիմում է փախուստի, սակայն այս անգամ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում հնարավոր է լինում նրան վնասազերծել, ապա տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին։

Տեղում դեպքի վայրի զննությամբ Գանձակ բնակավայրի Հ. Աբրահամյան և Հ. Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող մթերային խանութի դիմացի հատվածից հայտնաբերվել է թվով 3 հատ, Հ. Պարոնյան փողոցի սկզբնամասից՝ 4 հատ, իսկ Հ. Պարոնյան 6 հասցեում գտնվող առանձնատան բակից՝ 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված պարկուճներ։ Իսկ առանձնատան բակում հայտնաբերվել է 1 հատ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակով, 1 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, 670-ից ավելի «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 100 հատ «ՏՈԶ» տեսակի որսորդական հրացանի փամփուշտներ, 220-ից ավելի ինքնաձիգի տարբեր տեսակի փամփուշտներ, 100 հատ «Պարաբելում» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 8 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ և պարկուճներ։

Բերման ենթարկվածը Գեղարքունիքում հայտնի «Գավառի բախտագուշակ Վարսիկի» տղա՝ 41-ամյա Սարգիս Հակոբյանն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին