▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ.The Washington Post

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Ջ. Քրամերը և Ադրբեջանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը The Washington Post-ում գրել են.

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես փորձում էր մեղմել իր երկրում ավտորիտար իշխանությունը: Մարտին նա ազատ արձակեց 14 քաղբանտարկյալի՝ Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցից առաջ: Անգամ թվում էր, թե հանդարտվել է ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանական լրատվամիջոցների հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունը:

Գագաթաժողովից հետո, սակայն, Ալիևի վարչակարգն ուժեղացրեց ազատությունների նկատմամբ իր բռնաճնշումները: Ադրբեջանի արագ, վտանգավոր հետընթացն ավելի վճռական գործողություններ է պահանջում Միացյալ Նահանգներից, մինչդեռ Օբամայի վարչակազմը հիմնականում լռություն է պահպանում: Բաքվի իշխանությունները տասնյակ ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններ են իրականացրել: Երկրի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ է պահվում: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է երկրի օդանավակայանում. նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից:

Վերջերս ձերբակալվել է «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն և Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրլին: Օգոստոսին ձերբակալված ընդդիմադիր գործիչների թվում են REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին և NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիզ Քահրամանը: Իրավիճակը երկրում կարող է է՛լ ավելի վատթարանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիևը պատրաստվում է հանրաքվե անցկացնել, որի նպատակն իր իշխանությունն ամրապնդելն է: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. կարելի է վստահ լինել, որ իշխանությունը կապահովի, որ փոփոխություններն ընդունվեն: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է երկարացնել իր իշխանության ժամկետը հինգից յոթ տարվա, ստեղծել փոխնախագահի նոր պաշտոններ (որոնց նա կարող է նշանակել իր ընտանիքի անդամներին) և նվազեցնել խորհրդարանի անդամների տարիքային շեմը՝ դուռ բացելով իր որդի Հեյդարի համար: Անակնկալ չի լինի, եթե արտահերթ ընտրություններ հրավիրվեն նոր Սահմանադրությամբ՝ այս ավտորիտար քայլերը վավերացնելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին