▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս պատահեց, որ իրենք դարձան միլիարդատեր, իսկ ազատամարտիկները հայտնվեցին դառը աղքատության մեջ

Երկրում ստեղծված իրավիճակի, ամենակնճռոտ խնդիրների, ազատամարտիկների պայքարի, Նախախորհրդարանի ծրագրերի և այլ հրատապ թեմաների շուրջ է ASEKOSE.am-ի թղթակցի զրույցը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ:

-Պարոն Սեֆիլյան, Նախախորհրդարանը բազմիցս նշել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը համակարգի, ոչ թե անհատների փոփոխությունն է: Դուք բացառում եք ընտրությունների կամ հեղափոխության միջոցով որևէ արդյունքի հասնելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ գոյություն ունի երրորդ ուղի: Խնդրում եմ խոսել երրորդ ուղու մասին:

Նախ ուզում եմ ընդգծել, որ մենք երբևէ հեղափոխության դեմ կարծիք չենք հայտնել: Մեր ծրագիրն ըստ էության հեղափոխական ծրագիր է: Ձեր հարցը թյուրըմբռնում է պարունակում: Իմ ելույթներում ու հարցազրույցներում ես միշտ նշել եմ, որ բացառում եմ ընտրությունների և հեղաշրջման միջոցով արդյունքի հասնելու հնարավորությունը: Իսկ հեղափոխությունն ու հեղաշրջումը տարբեր երևույթներ են:

Եվ, մերժելով այս երկու տարբերակները, ես և Նախախորհրդարանի մյուս ներկայացուցիչները մշտապես մատնացույց ենք արել մեր մշակած մեկ այլ` երրորդ ուղին, որի մասին կխոսեմ նաև այս հարցազրույցի ընթացքում:

Հետագայում նման թյուրըմբռնումներից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով, որ մեր իրավիճակի ու ընկալումների տեսակետից լրացուցիչ հստակեցման կարիք ունեն «համակարգ»,  «ընտրություններ» և «հեղափոխություն» հասկացությունները, հարցին պատասխանելու ընթացքում նաև որոշ պարզաբանումներ կներկայացնեմ դրանց վերաբերյալ:

«Համակարգ»  կամ ավելի ստույգ` «պետական կառավարման համակարգ», ասելով պետք է հասկանալ ոչ միայն պետական կառավարման մարմինների ամբողջությունը, այլև բոլոր պետական ու քաղաքական ինստիտուտները, մեխանիզմները, գործոնները, դրանց կապերը, հարաբերությունները և, անշուշտ, այդ ամենը ծնող պատճառներն ու պայմանները, այդ թվում` կառավարման  մշակույթը: Հասկանալի է, որ համակարգի ձևի ու բովանդակության վրա վճռական ազդեցություն ունի կառավարման որոշումների ձևավորման ու գործադրման հարցում որոշիչ դեր ունեցող խավը, որին ընդունված է անվանել վերնախավ:

Հայաստանում ձևավորվել է ապազգային ու անմարդկային պետական կառավարման համակարգ ու նույնպիսի վերնախավ: Թեպետ այս երկուսն էլ հանդես են գալիս Հայաստան, հայ, հայկական, ինչպես նաև ժողովրդավարական, իրավական ու նույնիսկ սոցիալական դրոշներով, սակայն ըստ էության մենք գործ ունենք բացարձակապես դրանց հակառակ երևույթների հետ:

Բնական է, որ նման իրավիճակում պետք է ոչ թե տիրապետող վերնախավի մի անդամին կամ մի մասին փոխարինել նույն վերնախավի մեկ այլ անդամով կամ մասով, այլ հարկավոր է փոխել ամբողջ համակարգը` ամբողջ վերնախավով հանդերձ: Հակառակ պարագայում ոչինչ չի փոխվի, ինչպես որ չի փոխվել անցած ավելի քան քսան տարիների ընթացքում: Ընդհակառակը` հետզհետե ամեն ինչ ավելի կվատանա, քանի որ պետական կառավարման համակարգն ու վերնախավը յուրային չեն, նրանք գործում են ոչ թե հանուն մեր պետության ու ժողովրդի, այլ նրանց դեմ: Նրանք մեր երկիրն ու ժողովրդին կեղեքելու միջոցով հայ ազգի շահերի հաշվին սպասարկում են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը և դրա դիմաց անձնական ու կլանային մասնաբաժին են ստանում: Որպես ճշգրտում ուզում եմ հավելել, որ «վերնախավ» ասելով պետք է հասկանալ ինչպես վարչախմբի ներկայացուցիչներին, այնպես էլ անխտիր բոլոր կուսակցությունների ղեկավար կազմերին: Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք մասնակցում են պետական կառավարմանը կամ նպաստում են դրան, այդ թվում` ընտրություններին մասնակցելու միջոցով, գործում են ազգային շահի դեմ: Անկախ այն հանգամանքից` գիտակցում են նրանք իրենց արարքի հետևանքները, թե ոչ: Ուստի ամբողջ քաղաքական սերունդը պետք է փոխվի: Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, եթե առհասարակ ուզում ենք ապրել որպես ազգ և արևի տակ տեղ ունենալ, մենք պետք է անենք այդ փոփոխությունը: Փառք Աստծո, մենք ունենք ազատատենչ երիտասարդություն, կայացող քաղաքացիական ակտիվ, որոնք էլ կարող են և պետք է ձևավորեն ապագա Հայաստանի ընտրախավը: Այս պարագայում ես նախընտրում եմ «վերնախավ» տերմինի փոխարեն օգտագործել «ընտրախավ» տերմինը` դրանց միջև առկա բովանդակային տարբերությունն ընդգծելու համար:

«Ընտրություններին» արդեն մի փոքր անդրադարձա: Մեր երկրում դրանք վերածվել են հանցավոր վարչախմբի վերարտադրության մեխանիզմի: Ուստի մենք դեմ ենք ոչ թե ընտրություններին առհասարակ, այլ այն ընտրություններին, որոնք անցկացվում են այս համակարգում կառավարող վարչախմբի լիակատար հսկողության ու վերահսկողության պայմաններում: Բնական է, որ ընտրությունները` որպես առհասարակ պետական կառավարման մարմինների ձևավորման ու գործունեության ապահովման հիմնական մեխանիզմ, այլընտրանք չունեն:  Սակայն քանի դեռ մեր երկրում մեր ժողովրդի իշխանությունը յուրացված է պետական կառավարման համակարգի կողմից, մենք չենք կարող ընդունել այդ հանցագործ համակարգի կազմակերպած ընտրությունները և, առավել ևս, մասնակցել դրանց:

Այլ բան է, եթե առաջանա այնպիսի իրավիճակ, երբ վարչախումբը ինչ-ինչ հանգամանքների բերմամբ կորցնի, իսկ ժողովրդի կամքը ներկայացնող ուժերը ձեռք բերեն պետական կառավարման լծակները: Սակայն այդ դեպքում էլ հնարավոր չի լինի միանգամից ապահովել լիարժեք ժողովրդավարական կառավարում: Նման պարագայում կառաջանա անցումային կառավարման անհրաժեշտություն, որի ընթացքում նոր միայն հնարավոր կլինի կազմակերպել արդար ընտրություններ և վերականգնել ժողովրդի իշխանությունը:

«Հեղափոխությունը» ոչ միայն ժողովրդի կամքի վերահաստատումն է, այլև դրան հետևող արմատական փոփոխությունները` նոր արժեքների, կառավարման ու հասարակական հարաբերությունների նոր մշակույթի ու կարգի, այդ արժեքներով ու կարգով ապրող նոր ընտրախավի ու հասարակության ձևավորմամբ ու ներդրմամբ:

Ուստի մենք դեմ ենք ոչ թե հեղափոխությանը, այլ հեղաշրջմանը, որ շատերը բացառապես պատկերացնում են բռնի մեթոդներով կառավարող վարչախմբի հեռացման ձևով, սակայն չեն մտահոգվում, թե դա կարող է հանգեցնել զոհերի, երկիրը մխրճել ցնցումների մեջ և լուրջ արտաքին վտանգի ենթարկել պետականությունն ու մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը: 

Առաջ անցնելով ուզում եմ հատուկ ընդգծել, որ հեղաշրջմանը դեմ լինելով հանդերձ, մենք  միանգամայն ընդունելի և իրավաչափ ենք համարում, որ կառավարող վարչախմբի կողմից  խոհեմություն չցուցաբերելու և ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելու պարագայում ժողովուրդը դիմի պատասխան բռնության և այդ կերպով վերահաստատի իր կամքը:

Մեր ծրագրած «Երրորդ ուղին» հեղափոխություն է: Միևնույն ժամանակ` այն երաշխավորում է, որ անգամ բռնություն կիրառող վարչախմբին բռնությամբ պատասխանելու միջոցով ժողովրդի կամքի վերահաստատման պարագայում ամեն ինչ վերահսկելի լինի, մեծ ցնցումներ չեն առաջանա և երկիրը հնարավորինս շուտ կմտնի բնականոն հուն:

Երրորդ ուղին նախ ենթադրում է այլընտրանքային ընտրությունների միջոցով առկա պետական կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորումը, դրանց շուրջ ցանցային սկզբունքով ժողովրդի համախմբումը, այնուհետև` այդ մարմինների լեգիտիմացումը: Հասկանալի է, որ այդ մարմիններից գլխավորը և հիմնականը ներկայացուցչական մարմինն է, որին մենք պայմանականորեն անվանում ենք ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարան:

Լեգիտիմացումը տեղի է ունենալու Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացիների միջև անձ առ անձ պայմանագրերի կնքմամբ: Քաղաքացիներն այդ պայմանագրերով Հիմնադիր խորհրդարանին կլիազորեն հանդես գալու իրենց անունից, վարչախմբին ներկայացնելու հեռանալու հայտ և ժողովրդի ուժով կազմակերպելու այդ հեռացումն ու երկրի կառավարումը անցումային փուլում:

Ուզում եմ նաև հատուկ ընդգծել, որ Հիմնադիր խորհրդարանը այն ժամանակ վարչախմբին հեռանալու հայտ կներկայացնի և համապատասխան քայլեր կձենարկի նրան հեռացնելու ուղղությամբ, երբ  ժողովուրդը պատրաստ կլինի, երբ վարչախմբի և ժողովրդի ուժերի հարաբերակցության կշեռքը թեքված կլինի ժողովրդի կողմը: Շատերը կարծում են, թե Հիմնադիր խորհրդարանը վարչախմբին հեռացնելու քայլեր կձեռնարկի միայն այն ժամանակ, երբ արդեն քաղաքացիների մեծ մասի հետ պայմանագրեր կնքած կլինի և դրանով փաստորեն կունենա ձևական-իրավական լեգիտիմություն: Ամենևին էլ այդպես չէ: Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ այս վարչախմբի օրոք հնարավոր չէ քաղաքացիների մեծ մասի հետ պայմանագրեր կնքել: Այդ գործն ավարտին կհասցվի վարչախմբին հեռացնելուց հետո: Ուստի մեր ժողովուրդը պետք է իմանա, որ Հիմնադիր խորհրդարանը վարչախմբին հեռացնելու գործը կձեռնարկի դրա համար հարմար պահին:

Ուզում եմ նաև շեշտել, որ դա տարիների հարց չէ: Մենք մյուսների նման չենք սպասելու մինչև հերթական ընտրությունների ժամկետը, մինչև 2017-18 թվականներ: Մենք շատ ավելի շուտ ենք ավարտին հասցնելու վարչախմբի հեռացման և ժողովրդի իշխանության հաստատման գործը:

Այդ ընթացքում Հիմնադիր խորհրդարանը, հիմնվելով ժողովրդի լիազորության վրա, անհրաժեշտ պահին կձևավորի անցումային կառավարություն և վարչախմբին հեռացնելուց հետո անցումային կառավարության հետ միասին պատվաստի նման կներդրվի (գործող խորհրդարանի ու կառավարության փոխարեն) պետական կառավարման համակարգի մեջ, կգլխավորի այդ համակարգը և դրա միջոցով կստանձնի պետության ժամանակավոր կառավարումը:

-Ի՞նչ է ենթադրում այլընտրանքային իշխանությունը: Այսօր որքանո՞վ է այն իրատեսական: Ի՞նչ նպատակով են իրականացվում ամենշաբաթյա երթերը:

«Այլընտրանքային իշխանություն» կոչվածը, հենց ժողովրդի կամքը ներկայացնող նշածս մարմիններն են` առաջին հերթին Հիմնադիր խորհրդարանը, որոնք ստեղծվում են գործող պետական կառավարման համակարգից դուրս: Մենք արդեն սկսել են ձևավորել Հիմնադիր խորհրդարանը, ուստի դրա իրատեսականությունը քննարկելու փուլը պետք է ավարտված համարել:

Երևանի վարչական շրջաններում անցկացվող մեր ամենշաբաթյա երթերի հիմնական նպատակը Հիմնադիր խորհրդարանի ձևավորման գործընթացի մասին ժողովրդին իրազեկելն է և նրան այդ գործում ներգրավելը: Որոշ ժամանակ անց, երբ մենք կհամարենք, որ գոնե նվազագույն չափով արդեն իրազեկել ենք մեր ժողովրդին,  կդադարեցնենք երթերը և կանցնենք Հիմնադիր խորհրդարանի ձևավորման «սև» աշխատանքին:

-Պարոն Սեֆիլյան, խոսենք այսօր բոլորիս ամենաշատը մտահոգող խնդիրներից մեկի մասին: Այսօր՝ արտագաղթի մտահոգիչ ծավալների, բազմաթիվ սոցիալական խնդիրների ֆոնին «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» ներդրումն իսկապես աղետ կլինի: Ի՞նչ եք կարծում՝ ու՞ր է տանում այս պայքարը: Մենք արդեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի նախադեպն ունենք: Թեև հարցին ամբողջապես լուծում չտրվեց, բայց գոնե  որոշումը ժամանակավորապես կասեցվեց: Ի՞նչ եք կարծում՝ այս դեպքում ևս «զիջումներ» կլինե՞ն:

-Մենք համակարգային աղետի վիճակում ենք: Ճիշտ է, կուտակայինի ներդրումը զգալիորեն  կծանրացնի մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական բեռը, սակայն չափազանցություն կլինի այն ինքնին աղետ համարելը: Միևնույն ժամանակ ուզում եմ հատուկ շեշտել, որ կուտակային համակարգի ներդրման դեմ հանդես եկող երիտասարդները պայքարում են ոչ թե իրենց գրպանի, այլ արժանապատվության համար: Նրանք համարում են, որ առանց իրենց կամքը հարցնելու իրենց սեփականության նկատմամբ նման կամայական վերաբերմունքը վիրավորական է: Նախախորհրդարանը ողջունում է պայքարող երիտասարդներին, կարևորում է նրանց պայքարը և պատրաստ է ամեն կերպ հնարավորինս աջակցել ու սատարել նրանց: Եթե նրանք պայքարի ճիշտ մարտավարություն ընտրեն և հաստատակամ լինեն, ապա կարող են ստիպել, որ վարչախումբը նահանջի և գոնե կասեցնի այդ չարաբաստիկ օրենքի գործողությունը: Երիտասրադներին կոչ եմ անում ուշադրություն չդարձնել բոլոր շեղող ու մոլորեցնող ուժերին ու քայլերին, այլ հաստատակամորեն գնալ առաջ մինչև հաղթանակ:

Միևնույն ժամանակ, կարևորելով հանդերձ նրանց պայքարը, ուզում եմ շեշտել, որ դա պայքար է հետևանքների դեմ, ուստի նրանք զուգահեռաբար պետք է արդեն մտածեն այս ամենը ծնող պատճառները վերացնելու և այդ նպատակով ազգային-ազատագրական պայքարի մեջ ներգրավվելու ուղղությամբ:

-Վերջին օրերին ամենաշատ քնարկվող թեմաներից է ԵԿՄ 10-րդ համագումարը. Մասնավորապես այն փաստը, որ ԵԿՄ վարչության անդամներ նշանակվեցին նաև Սամվել Ալեքսանյանը և Սուրիկ Խաչատրյանը: Ավելին՝ որոշ շրջանակներ պնդում են, որ նրանք մասնակցել են ռազմական գործողություններին: Դրանից բացի՝ այսօր ստեղծվել է անպիսի իրավիճակ, որ շատ ազատամարտիկներ օրվա հացի խնդիր ունեն: Եվ այս ֆոնին Նախագահի գնահատականը, որը հնչեցրել էր ԵԿՄ համագումարում, այսպիսն էր. «ցավոք ունենք նաեւ տարբեր անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու»… Հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը:

-Արդարությունն ու ազնվությունը պահանջում են ասելու, որ «երկրապահ» երևույթն ստեղծման օրվանից սխալ հիմքերի վրա է դրվել: Այն ի սկզբանե ձևավորվել է որպես կառավարող վարչախմբի գործիք: Ուստի Արցախյան պատերազմի լուրջ մասնակիցների մեծ մասը կամ չի ներգրավվել այդ կազմակերպության մեջ կամ որոշ ժամանակ անց դուրս է եկել դրա շարքերից:  Նշված պատճառներով այսօր արդեն այդ կազմակերպությունը զավեշտալի վիճակում է հայտնվել: Ապագա Հայաստանում այս հարցը պետք է հիմնավոր կերպով լուծվի: Նախ պետք է օրենքով հստակ սահմանվի ազատամարտիկի կարգավիճակը, պետք է ճշգրտվեն  ու զտվեն ազատամարտիկների` ներկայումս ուռճացված ցուցակները, վերանայվեն կեղծ պարգևատրումները և այլն: Միևնույն ժամանակ`  պետք է սահմանվեն միանգամայն նոր արժեքների ու սկզբունքերի հիման վրա աշխարհազորի ձևավորման և այն պաշտպանական համակարգի մեջ ներառելու ձևաչափն ու մեխանիզմները, ինչը նախատեսված է արդեն ապագա հայկական պետության` Նախախորհրդարանի մշակած ռազմավարական ծրագրի պաշտպանական ոլորտի բաժնում:

Իսկ ազատամարտիկների հասցեին վիրավորական արտահայտություններ անող մարդկանց կարող եմ ընդամենը մեկ հարց տալ: Ինչպես պատահեց, որ իրենք ու իրենց մերձավորները դարձան միլիարդատերեր ու միլիոնատերեր, մինչդեռ ազատամարտիկները հայտնվեցին դառը աղքատության մեջ:

-Պարոն Սեֆիլյան, 88-ին, երբ երկիրը պատերազմի շեմին էր, համախմբվելու ուժ գտանք: Շատերը Ձեզ նման եկան Սփյուռքից և իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին: Այսօր համախմբվելու ներուժ ու հնարավորություն տեսնու՞մ եք: Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի դերը ու հնարավոր մասնակցությունը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին:

-Այսօրվա ազատագրական պայքարը լիարժեքորեն ինքնիշխան պետության ստեղծման համար է մղվում: Բնական է, որ Սփյուռքի դերը պետք է հնարավորինս մեծ լինի այդ գործում: Եվ եթե մենք լավ աշխատենք, Արցախյան պատերազմի համեմատությամբ Սփյուռքի ավելի մեծ մասնակցություն կարող ենք ապահովել:

-Որևէ  առաջընթաց կամ փոփոխություն չկա՞ Ձեզ քաղաքացիություն շնորհելու խնդրի հետ կապված:

-Ոչ, որևէ փոփոխություն չկա: Ինչպես ասում են, գնդակը հակառակորդի դաշտում է գտնվում: Եթե ուզեն, որևէ պահի կարող են հարցը լուծել, սակայն ոչ մի քայլ չեն կատարում այդ ուղղությամբ: Այս երևույթը, ի թիվս շատ այլ բացասական երևույթների, խոսում է այն մասին, որ սրանք օտար են, որևէ կապ չունեն մեզ, մեր երկրի, պետության, ժողովրդի ու մեր ազգային նպատակների հետ:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին