▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ փոխզիջման է պատրաստ Արցախը

 

Yerkir.am-ը գրում է. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կայքի հետ զրույցում, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում կողմերի հնարավոր փոխզիջումների մասին, ընդգծեց, որ պետք է հստակեցվի` խոսքը փոխզիջման մասին է, ոչ թե միակողմանի զիջման:

«Միակողմանի զիջումը, հատկապես` մեր պարագայում, հղի է  անկանխատեսելի, ճակատագրական զարգացումներով: Փոխզիջումները պետք է լինեն համարժեք: Երբ Ադրբեջանը կամ որոշ փորձագետներ ասում են` հետ տվեք մի տարածք, և նրանք կբացեն նավթատարը, թվում է, թե փոխզիջում է, բայց սա համարժեք փոխզիջում չէ, որովհետև նրանք կարող են նավթատարը փակել, իսկ մենք տարածքը չենք կարող հետ վերցնել»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա` ամեն ինչ պետք է լինի համարժեք, մեր պարագայում` փոխզիջումն այնպիսին պետք է լինի, որը չհանգեցնի Արցախի անվտանգության համակարգի թուլացմանը:

«Որպեսզի  տեսնենք` ինչ կարող ենք անել, պետք է առաջին  հերթին վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, որպեսզի Արցախը և Ադրբեջանը կարողանան մեկ բանակցային սեղանի շուրջ խոսել տարբեր հարցերի մասին: Եթե դա չկա, այս ամենը դառնում է լոկ զրույց, խոսք, կարծիք, որոնք էական նշանակության չեն կարող ունենալ»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հարցին, թե ադրբեջանական կողմն ի՞նչ պետք է տա տարածքի դիմաց, որ ղարաբաղյան կողմի համար համարժեք լինի, Բաբայանը պատասխանեց. «Այստեղ կան այնքան հարցեր, որ  դիտարկել միայն տարածքների հարցը, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև վերադարձ չի կարող լինել 1988 կամ 1991 թվականին,  կան տարածքներ, որոնց մասին անգամ խոսք լինել չի կարող, բայց այս ամենը կարող է կարգավորվել միայն մեկ դեպքում` եթե կարգավորվի  լիարժեք ձևաչափը, սակայն, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը, ու ստացվում է, որ ոչ մի փոխզիջում  չի կարող լինել: Չնայած նրանք փոխզիջումն էլ դիտարկում են որպես զիջում: Այս իրավիճակում  որևէ շոշափելի առաջընթաց ակնկալելը պարզապես անհնար է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին