▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեղափոխությանը 10 պակաս» Հայաստանը միֆ է

Եռյակի՝ մարզային առաջին իսկ այցելության ժամանակ տեղ գտած հռետորաբանությունը խիստ մտահոգիչ է։ Փաստորեն, ոչ իշխանական ուժերը, տարբեր կոնֆիգուրացիաներով, ամեն տարի «սկսում են մի շարժում, որը ազատություն կբերի Հայաստանը», հանրահավաքների սեզոնը բացող յուրաքանչյուր առաջին հանրահավաք «պատմական եղակի պահ է», և արդեն մի քանի տարի է, ինչ ամեն աշնան հենց «այս պահին մենք խնդիր ունենք փրկելու երկիրը»։

Տարբեր հռետորների խոսքից իմանում ենք նաև, որ յուրաքանչյուր անգամ «սա նոր շարժման սկիզբ է», «թավշյա հեղափոխություն է», բայց ավելի հետաքրքիր է այն, որ ոչ թե ելույթ ունեցողներն են եկել ոգևորելու հանրությանը, այլ, փաստորեն, հանրությունը պետք է իրենց ոգևորի, և նրանք դրա կարիքը շատ ունեն։

Ցավալի է, եթե ելույթ ունեցողներն անկեղծորեն հավատում են նման դատողությունների ճշմարտացիությանը։ Էլ ավելի ցավալի է, եթե իրենք էլ չեն հավատում իրենց ասածներին։

Հայտնի է, որ հեղափոխությունը տեղի է ունենում նախ մարդկանց գիտակցության մեջ, հետո նոր՝ դառնում սոցիալական իրականություն։ Բայց դա ճիշտ է, երբ տեղի է ունենում զանգվածային գիտակցության մեջ, ոչ թե՝ հարթակից խոսող առանձին մարդկանց մոտ։ Այնպիսի տպավորություն է, որ ելույթ ունեցողներն ապրում են «հեղափոխությունից 10 րոպե պակաս Հայաստանում», իսկ լսողները՝ լրիվ այլ՝ սովորական հոգսերով ու խնդիրներով համեմված, ոչ քաղաքական, մի քիչ էլ պարապ և այդքան ծանոթ ու հարազատ Հայաստանում։

Հ․Գ․ -1․ Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ոչ թե՝ անհնարի։
Հ․Գ․ -2․ Այն, ինչ հնարավոր է մեկի մտքում, դեռ իրականություն չէ մյուսների համար։
Մովսես Դեմիրճյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին