▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իմ հաջողություններն իրենցն են համարում

Gayanepoghosyan.blog.com-ը ներկայացրել է  զրույց ջութակահար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Սերգեյ, Դուք Հայաստանում ընդամենը 8 տարի եք ապրել, սակայն Ձեր հայերենը վարժ է, հարուստ, կիրթ։ Ձեր կերպարը, մտածելակերպը հայեցի են, հարազատ։

-Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս դաշնակահար են։ Ես ունեմ մեկ քույր` Լուսինեն, որը նույնպես դաշնակահարուհի է։ Մեր ընտանիքը ներդաշնակ է ոչ միայն իր գեղագիտական ընկալումներով,  երաժշտական ճաշակով ու զգացմունքային աշխարհով, այլեւ բարոյական ըմբռնումներով, արժեհամակարգով։ Իմ ծնողների համար իրենց զավակների մասնագիտական հաջողություններից շատ ավելի կարեւոր էր, թե ինչպիսին են նրանք կենցաղում, պարզ, մարդկային փոխհարաբերություններում։ Եթե Դուք տեսնեք մեր բնակարանը Գերմանիայում, կթվա` հայրենիքում եք։ Մեր ներաշխարհը, մտածելակերպը, արժեքները ձեւավորվել են հայրենիքի ու հայկականության հենքի վրա։ Մեր մեջ շատ ամուր է ընտանիքի ավանդույթը, ինչով էապես տարբերվում ենք այլ ազգերից։ Օրինակ, բացառիկ է մեր  հարգանքը ծնողի հանդեպ, ընտանիքի անդամների կապվածությունը։ Ընտանեկան փոխհարաբերություններում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ամբողջացնում են հայ ընտանիքի նկարագիրը:

-Դժվարությա՞մբ հարմարվեցիք Գերմանիայում:

-Ես երբեք նման ցանկություն չեմ ունեցել, ջանք չեմ թափել գերմանացիներին նմանվելու, եւ բնավ էլ ոչ այն պատճառով, որ գերմանացիներն արժանիքներ չունեն։ Պարզապես, ես տարբեր եմ նրանցից, քանի որ հայ եմ ու հպարտանում եմ իմ ինքնատիպությամբ։ Ընդհակառակը, եթե կուզեք` ինչ-որ տեղ միտումնավոր շեշտել եմ այդ տարբերությունները։ Ես կմնայի յուրօրինակ, իմ ազգային  նկարագրին հավատարիմ, ինչ ազգի ներկայացուցիչ էլ լինեի, սակայն հայ լինելու իրողությունն ինձ հպարտություն է ներշնչում։

-Հատկապես ինչո՞վ եք հպարտանում։

-Նախ մեր ժողովրդի պատմությամբ, նրա մաքառումներով, կենսունակությամբ, իր ինքնությունը պահպանելու ջանքով։  Հպարտանում եմ մեր ժողովրդի ստեղծած արժեքներով, մշակույթով։ Լրագրողները երբեմն ինձ խնդրում են համեմատել Հայաստանն ու Գերմանիան, երկու երկրների մշակութային իրողությունները… Դրանք անհամեմատելի երեւույթներ են, քանի որ անհամեմատելի են նրանց պատմությունը, անցած ուղին։ Մեր ժողովրդի ճակատագիրը դաժան է եղել, բայց մենք կարողացանք բարձրանալ բոլոր օրհասներից ու փորձում ենք շտկել մեր կյանքը։ Եվ մենք կարող ենք, քանի որ տաղանդավոր ազգ ենք, աշխատասեր ենք, մեծ կամք ունենք ու երբեք չենք կորցնում հույսը։ Պարզապես, մենք պիտի կարողանանք ցանկացած բնագավառ զարգացնել ոչ թե անհատների էնտուզիազմի, այլ ընդհանուր մտածելակերպի, քաղաքականության, կանոնակարգված մոտեցումների միջոցով։

-Դուք հաճախ եք գալիս Հայաստան, նվագում եք հայ ունկնդրի համար։ Ձեր վերադարձը հոգու պա՞րտք է հայրենակիցների ու հայրենիքի առաջ։

-Հայաստան գալով՝ ես տուն եմ գալիս։ Աշխարհի ոչ մի երկրում ես նման զգացողություն չեմ ունենում։ Ես չեմ կեղծի, ասելով, թե Հայաստանն ամենագեղեցիկն է, թե Հայաստանի պես բնություն ոչ մի տեղ չկա… Կանադայի աշունն ավելի բազմագույն է, Ֆրանսիան ավելի կանաչազարդ է, բայց ես գալիս եմ Հայաստան, գնում եմ Ամբերդ` տեսնելու մեր կուտակ-կուտակ լեռները, հնամենի եկեղեցիները։ Մեր լեռների մեջ այնքան ուժ կա, մեր քարերի մեջ այնքան ցավ կա։ Մեր բնության մեջ այնքան պատմություն կա, ու դա իմ ցավն է, իմ պատմությունը։ Ես այդ բնության մի մասնիկն եմ, այդտեղից եմ եկել։ Ես Հայաստան եմ գալիս, քանի որ դա առաջին հերթին ինձ է պետք։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իմ հաջողություններն իրենցն են համարում։ Մեծ հաճույքով եմ նվագում Հայաստանում, քանի որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ընկալունակ, բուռն։ Ինձ միշտ թվում է, որ ես Հայաստանում ավելի ընկալելի եմ։ Այն կապը, որ կա իմ եւ ունկնդրի միջեւ, հայրենիքում ավելի ուժեղ եմ զգում։ Իմ մեջ գյումրեցու արյուն կա, ու ինձ միշտ կարեւոր  է հարաբերությունների ջերմությունը, անմիջականությունը, սերը։ Հայաստանում դասական երաժշտությունը շատ լավ լսարան ունի։ Ինձ շատ դուր է գալիս, որ մեզ մոտ երիտասարդներն են այցելում դասական երաժշտության համերգի, շատ երկրներում միջին եւ ավելի բարձր տարիքի մարդիկ են համալրում դահլիճի հիմնական մասը:

Առավել մանրամասն՝ այստեղ

Հավելենք, որ հունվարի 18-ին Վիեննայում 28 ամյա տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակիˋ2014 թվականի Credit Suisse Young Artist Awardին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին