▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուցվել է քր.գործ` ոստիկանության տեսուչի կողմից փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու  կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմել է կեղծ բացատրություն:

Բնակչուհին մասնավորապես հայտնել է, որ որդին` Ս.Կիրակոսյանը, մարմնական վնասվածքներով գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում: 

Դեպքի կապակցությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ոստիկանության տեսուչը, առանց Վանաձորի բժշկական կենտրոն այցելելու և որդուց բացատրություն վերցնելու, կազմել է կեղծ փաստաթուղթ՝ նրանից դեկտեմբերի 14-ին` ժամը ժամը 12:30-12:55-ը, բացատրություն վերցնելու մասին, մինչդեռ նա դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի 18-ին` մահացել:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին