«Հաց և տեսարան» ու «խրախճանք ժանտախտի ժամանակ»․ Սրանք են կարգախոսները, որոնցով Նիկոլն առաջնորդվում է
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, ունի երկու բնորոշում՝ «հաց և տեսարան», և մյուսը, որն ավելի ցավոտ է ու դառը՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Հենց սրանք են այն երկու կարգախոսները, որոնցով Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է՝ ամբողջովին դեգրադացնելով հասարակությունը և ապացուցելով, որ ինքն ինչ ուզենա, դա էլ կդառնա հանրային դիսկուրսի օրակարգ։
Հետհայացք գցելով անցնող շաբաթվա լրահոսին՝ ցցուն կերպով ընդգծվում է, որ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով մի քննարկման թեմա է տալիս, և հանրության քաղաքականացված սեգմենտն ամբողջովին կլանվում է դրան հակադարձելով ու փաստական ապացույցների տիրաժավորմամբ։ Նիկոլը լիովին առաջնորդվում է «մեկ օրվա լրահոսը պահելու» կարգախոսով, երբ առավոտյան սուրճի հետ տալիս է այդ օրվա քննարկվելիք թեման, իսկ նրա գլխավոր հաղթաթուղթը հանրության մնացած հատվածի մանկուրտացման գործիքակազմն է։
Ինչքան մանկուրտը շատ, այնքան կառավարելը՝ հեշտ։ Պետք չէ, որ սովորական մարդը խորամուխ լինի, որ Նիկոլը հավասարության նշան է դնում Արցախի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ադրբեջանական նարատիվի միջև։ Ոչինչ, որ նա հերթական անգամ պղծեց ևս մի եկեղեցի, ոչինչ, որ «եվրոպացիք» քեշ փող են տալիս ազգային արժեհամակարգերի դեմ ուղղակի պայքարելու համար։ Թուրքական շտապ օգնության թեմայի մասին մի ամբողջ օր խոսում են, դրանից հետո մի հատ ցնդած պարզաբանում է ներկայացվում ու անցնում առաջ։ Բնավ հոգ չէ, որ Ալիևն ու Բայրամովն ավելի են հստակեցնում, որ Սահմանադրությունդ պիտի փոխես, բայց կարևոր է այն, որ շքեղ տոնածառ ունենք, լիքը սիրուն-սիրուն լույսեր, ու մարդիկ հորթի ժպիտով վայելում են այդ խրախճանքը։ Այս ամենը շատ արագ մոռացվում է, չկա հիշողություն. ըստ էության՝ Մաթևսյանի բերած օրինակն ամբողջությամբ իրավիճակի դասական բնորոշում է:
Գիտեք, իրականում փուչիկը շատ սիրուն է՝ գունավոր, փայլուն, գրավիչ, բայց այն փուչիկ է՝ դատարկ, առանց բովանդակության։ Կարելի է երկար հիանալ դրա գույնով ու լույսերով, բայց իրական քաղաքականությունը մեկ ասեղի հարց է․ ճշմարտությունը գալիս է, և կեղծիքով, ստով ու մանիպուլյացիայով սնվող «իրականությունները» մի ակնթարթում փլվում են։
Հ.գ. ... հորթին դեռ երեկ էին մորթել»: