▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա ի՞նչ պիտի անենք». ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը

ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։

«Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ  «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝  հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը երեկ դիմեց Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։

***

ԱԺ պատգամավորներն արտահերթ նիստ հրավիրելու միջնորդություն են ներկայացրել, որի օրակարգում մեկ հարց է՝ կառավարության հրաժարական և նոր կառավարության ձևավորում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա ավելացրեց, որ 3 ժամ առաջ արդեն ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրությունով միջնորդությունը.«Գործող օրենքի համաձայն,  արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե խորհուրդը որևէ պատճառով չուզենա այս հարցը օրակարգ ներառել կամ սրան դեմ քվեարկի, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։ Երկու խմբակցությունների կոմից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», նաև միջնորդություն է ներկայացված, որ այսօրվա խորհրդի նիստում ներառվի հարցը և որոշում կայացվի՝ վաղը 18։30-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Եթե անգամ խորհուրդը վաղն էլ նպատակահարմար չգտնի, կարող է մինչև հունիսի 17-ը ժամը 18։30-ին գումարել նիստ»։

Պատգամավորը հավելեց, որ 35 պատգամավորի ստորագրություն կունենան, սակայն  երկու պատգամավոր, տեխնիկական պատճառներից ելնելով, դեռ չի ստորագրել։

«Մենք ունենք այնքան ստորագրություն, որ արտահերթ նիստ կարող ենք հրավիրել։ Թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի քաղաքական մեծամասնությունը, որը բացարձակ մեծամասնություն է նաև խորհրդում, իրենց մտադրությունների մասին ցույց կտա»,-հավելեց նա։

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հրապարակում կարող է լինել 15, 30 հազար մարդ, կարևորը դա չէ, կարևորը ասելիքն է. օրակարգ չկա: Լրագրողի դիտարկմանը՝ առաջարկը՝ ամբողջական սահմանազատումն է, նշել է. «Ինքը դրա լիազորությունը չունի: Ինքը կարա առաջարկի, օրինակ, եկեղեցական որևիցե նոր տոն քննարկենք, որևիցե աղոթք: Մնացածն իրեն չի վերաբերվում, ժողովուրդն իրեն չի ընտրել»:

***

ԱԺ նախագահի խոսքով՝ շարժման առաջնորդն իրավիճակից դուրս գալու խնդիր ունի. «Բագրատ Գալստանյանն ուզում ա՝ լավագույն տարբերակում իրեն բռնեն, որ ասի՝ դե ես ամեն ինչ արեցի: Վերլուծեք տեքստերը, որոնք հնչում են, ասում է՝ ես ստեղ եմ, դուք ստե՞ղ եք, որ հետո ասի՝ դե չեկաք: Կամ՝ ի՞նչ ա նշանակում՝ եկեղեցականը կամ որևիցե քաղաքացի, սա հատուկ նշանակության շենք ա, ասում ա՝ դե ես գնացի, դա ոչ այլ ինչ է, քան սադրանք»,- նշեց Սիմոնյանը:

 

***

«Ուզում եք ասել՝ հավաքված մարդիկ ՀՀ ամբողջ ժողովո՞ւրդն է, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: «Արցախից եղած պատգամավորներն են, ՀՅԴ-ի, եկեղեցու, որոշ օլիգարխների, մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են: Ամբողջ ժողովուրդը գիտե՞ք՝ երբ էր, 2018-ին... 1000 հոգով ստեղից գնում ա էն դռան մոտ ա հարցազրույց տալիս, հետո՝ մյուս: Եկեղեցական ես, ասա, դու տենց չար հայացք պտի չունենաս: Էդ չար հայացքով ոստիկաններին նայում, վիրավորում ա, էդ մարդը ժողովուրդը չի»,- հավելեց նա՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին՝ «սադրանքներին չտրվելու համար»:

***

«Դիվերսանտ չի անցել, վստա՞հ եք, ծանո՞թ եք իրա հետ: Իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել, հանձնվել է մեզ, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ ադրբեջանցի դիվերսանտ է հատել ՀՀ սահմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին