▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։

Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, ուստի հանձնաժողովը նախագահի պարտականությունները կդնի մեկ այլ անդամի՝ Սարգիս Խանդանյանի վրա։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաեւ մանդատից․ նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որեւէ երկիր։ Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, եւ որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերեւից դեռ հավանության չի արժանացել»:

«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաեւ ներկուսակցական քննարկումներին:

Նա վերջերս հրաժարվեց ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աղաջանյանը մտադիր է լքել Հայաստանը եւ շարունակել իր գործունեությունը որպես դեսպան: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել:

Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որեւէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ:

Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսեւորում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին