▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին»

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախկին անդամ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի մի քանի ամիսների աշխատանք, հսկայական պետական ռեսուրսներ և դիվանագիտական ջանքեր Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեղինակության ոչնչացման վրա, հարյուրհազարավոր հայ քրիստոնյաների հոգևոր զգացմունքների վիրավորում, Սուրբ Թադեոսի ու Սուրբ Բարդուղեմեոսի ձեռամբ հիմնված Միասնական եկեղեցու մաս հանդիսացող Աթոռի նկատմամբ պետական ահաբեկչություն և այս ամենը լեգիտիմացնելու ու Սուրբ Էջմիածինը կրավորական պետական մարմին դարձնելու նպատակով հիմնած «Աղոթքի նախաճաշ», որին հրավիրված ամենակարևոր հյուրը՝ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը հաջորդ օրը շտապում է Սուրբ Էջմիածին, մասնակցում Սուրբ Պատարագի և ընդունելության արժանանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ։
Ալիևը և Էրդողանը իրենց կեղտոտ ձեռքերով փորձում են մտնել մի տեղ, որտեղ չեն փորձել մտնել անգամ Մուհամեդը, Սալադինը, մոնղոլները, Մեհմետը, Հազկերտը, Շահ Աբասը և էլի շատ ու շատ նվաճողներ։
Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցին»։

***

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։

Սրբազան արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Վեհարանում ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին։
Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նաև նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։
Զրուցակիցներն ընդգծեցին կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվեց, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարևորվեց հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։
Իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։ 

Հասարակություն далее