ԱրմԼուր-ը գրում է․ Երեկ կայացած «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերան աչքի է ընկել ոչ միայն կինոաշխարհի նորույթով, այլև հայկական շոուբիզնեսում բռնկված նոր սկանդալով։ Թեժ բանավեճի կենտրոնում են հայտնվել KamoBlog-ի հիմնադիր Կամո Թովմասյանը և բլոգեր, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը։
Միջադեպը սկիզբ է առել այն ժամանակ, երբ միջոցառման ընթացքում KamoBlog-ի լրագրողուհին հարցազրույց է վերցրել երգիչ Արամ MP3-ից։ Արուսիկ Տիգրանյանը ռեպորտաժի նկարահանման ընթացքում մոտեցել և միջամտել է զրույցին՝ նշելով, թե լրագրողի հնչեցրածը հիմար հարց է և փորձելով կատակել իր ավանդական ֆորմատի մեջ։ Արուսիկի այս քայլը և աշխատանքային պրոցեսին խանգարելը վրդովեցրել է Կամո Թովմասյանին։
Վերջինս սոցիալական ցանցերի իր էջերում (Սթորի բաժնում) կոշտ ու վիրավորական գրառում է կատարել՝ ուղղված հաղորդավարուհուն․
«Արուս Տիգրանյան, ե՞րբ ես դու շնորհք սովորելու, նաև հարգանք կոլեգայի հանդեպ ու քո անմակարդակ, լկտի պահվածքով չես խանգարելու շատերին, այս դեպքում կոնկրետ իմ թիմին՝ աշխատել։ Լավ, դու ինքնասիրություն չունե՞ս, աղջիկ ջան, էսքան ապո՞ւշ»,- գրել է Թովմասյանը։
Արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տվել։ Արուսիկ Տիգրանյանը Ինստագրամի իր էջում պատասխանել է հնչած վիրավորանքներին՝ նշելով, որ իր կատակն իսկապես անտեղի էր, և ինքն արդեն անձամբ ներողություն է խնդրել լրագրողից։ Սակայն Տիգրանյանն անընդունելի է համարել Թովմասյանի ընտրած բառապաշարը:
«Ասեմ, կարծում եմ՝ իրոք չստացված էին կատակներս լրագրողի հետ, ու լրիվ տեղ ուներ նեղվելու, ինչի համար անձամբ իրենից ներողություն եմ խնդրել։ Բայց էդ բառապաշարը, էդ լեքսիկոնը, հանրային էդ պահվածքը… Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել։ Ես շատերի հետ եմ իմ ֆորմատի հարցազրույցներ անում, ու կարծում եմ՝ իմ լսարանն ու կոլեգաները գիտեն, որ ոչ մի չարություն չկա դրա մեջ»,- գրել է նա:
Արուսիկ Տիգրանյանը նաև հավելել է, որ միջոցառման իր պատրաստած ամբողջական ռեպորտաժը Յութուբում հասանելի կլինի շաբաթ օրը, որտեղ հետևորդները կկարողանան դիտել ու ինքնուրույն համոզվել տեղի ունեցածի մեջ։ Իր խոսքը նա եզրափակել է՝ հորդորելով. «Բարի եղեք, բարի գիշեր»։
Թե արդյոք այսքանով սկանդալը կմարի, թե կունենա նոր զարգացումներ, ցույց կտա ժամանակը։
Այնուամենայնիվ, շոուբիզնեսի անցուդարձին հետևողները չեն բացառում, որ սոցցանցերում բռնկված այս աղմկոտ բախումն ընդամենը լավ հաշվարկված PR քայլ էր՝ «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերայի շուրջ առավելագույն ուշադրություն կենտրոնացնելու համար։ Այն ժամանակաշրջանում, երբ սկանդալը մեդիադաշտում ամենավաճառվող «ապրանքն» է, նման արհեստական լարվածությունը հիանալի առիթ է թե՛ ֆիլմի մասին խոսեցնելու, թե՛ երկու կողմերի առաջիկա ռեպորտաժների համար դիտումներ ապահովելու համար։


