▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարգելի՛ քաղաքացի, որ դիտում ես եթերը, արդյոք այսօր ՀՀ-ում գործող Սահմանադրությունը քոնն ես համարում». Փաշինյան

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով: «Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել. թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում բազում անդրադարձեր պետք է ունենամ այս հարցին՝ հատկապես, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում: Ուզում եմ անդրադառնալ ՀՀ ժողովրդի՝ Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների ու փաստարկների: Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու ու երկրում հաստատված իրավակարգի միջև, որը, բոլոր դեպքերում, բխում է Սահմանադրությունից: Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու ու երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ՝ այն պատճառով, որ բոլոր նախորդ Սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, հանրային ըմբռնման համաձայն, հանրաքվեների արդյունքները կեղծվել են: Հենց հիմա մի փորձարարություն անենք, արդյոք դո՛ւ՝ հարգելի՛ քաղաքացի, որ հիմա դիտում ես եթերը, արդյոք այսօր ՀՀ-ում գործող Սահմանադրությունը դու քոնն ես համարում, ակնհայտորեն՝ ոչ, ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից»,- իր խոսքում ասել է նա:

«Ինչո՞վ է տարբերվում 4-րդ Հանրապետությունը՝ 3-րդ Հանրապետությունից. հակամարտության բացակայությամբ: ՀՀ 3-րդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար»,- իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների ՀՀ առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից: Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ արտագաղթի պատճառ է դարձել, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ մանվելներ, Դոդի Գագոներ, Կալուգացի Սամոներ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ ու Միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո՝ թալանել, թալանել, թալանել: Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը՝ թալանվածը վերադարձվում է պետությանն ու ժողովրդին»:

***

«Այսօր ՀՀ-ում արդարադատությունը վստահելի չէ. ես չգիտեմ, թե վաղը ո՞ր դատարանը ի՞նչ որոշումով ո՞ր թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի»,- իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող կառավարության առկայության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ»:

***

«Այս Սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը»,- ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2018-ի հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձված է ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին, խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին:

***

Ավելի վաղ հրապարակվել էր նոր Սահմանադրության տեքստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստեղծվել է կայք, որտեղ կարելի է կարդալ նոր Սահմանադրության նախագիծն ու առաջարկներ ներկայացնել։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»,–ասվում է նոր Սահմանադրության նախաբանում:

Ինչպես և սպասվում էր, Արցախի հիշատակումը բացակայում է նոր Սահմանադրության նախաբանից։

***

Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»

Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։
Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին կետը խմբագրվել է անցյալ տարվանից շարունակվող իշխանությունների և ՀԱԵ-ի միջև առճակատման ֆոնին։ Հեղինակները, ըստ ամենայնի, որոշել են իրավական «սողանցք» թողնել հետագա որոշումների համար։

Միևնույն ժամանակ անփոփոխ է մնացել այն կետը, որով պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Հասարակություն далее