|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերթական ծեծի ու նվաստացման միջադեպն է գրանցվել Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ամիսներ առաջ զինծառայողի ինքնասպանության աղմկոտ միջադեպ է եղել։ Հրամանատարը ծեծի է ենթարկել զինվորին, ըստ իմ աղբյուրի` մյուս զինվորների ներկայությամբ, և ստորացուցիչ ձևով։ Հայհոյանքներով է ուղեկցվել ծեծը; Ի դեպ՝ այս հրամանատարին, ասում են, խիստ բնորոշ է հայհոյաբերան լինելու անպատիվ վարքագիծը, ինչի համար նույն հրամանատարը երբեք չի պատժվել ոչ մի եղանակով, անգամ միջադեպեր հրահրելու դեպքերում և ծնողի հետ ուղիղ առերեսման ժամանակ անվայելուչ արարքից հետո։
Ինձ փոխանցված ահազանգի համաձայն՝ զինծառայողի նկատմամբ բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի միջադեպը տեղի է ունեցել Շաքիում ադրբեջանցուն բռնելու հայտնի դեպքերի հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին։
Զինվորի հաշվին ինքնահաստատվել ցանկացող հրամանատարի անունը ինձ հայտնի է` ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ․ նա այդ նույն զորամասի գումարտակի շտաբի պետն է։ Ու
չզարմանաք, դեպքից 5 օր անց ենթադրյալ հանցագործ հրամանատարը դեռևս մեկուսացած չէ, ձերբակալված չէ, տարվել է Ռազմական ոստիկանություն այդ օրը և հաջորդ օրը վերադարձել է ծառայության ` ասես ոչինչ տեղի չի ունեցել։
Զինվորի վիճակի մասին շատ բան հայտնի չէ, բայց ինձ հայտնեցին, որ հարցաքննվել է ու բողոք է գրել հրամանատարի դեմ։
Տրամաբանությունը հուշում է, որ ինքնասպանության հասցվող դեպքերի հիմքերում ահա այսպիսի հրամանատարական գործելաոճի ձեռագիրն է առնվազն կամ նրանց նմանների կողմից ներսում ստեղծված լարված մթնոլորտը, որը կարող է հանգեցնել ամեն ծայրահեղ քայլի։
Քրգործի, մանրամասների մասին կհայտնեմ վաղը։ Հուսամ՝ նորից հետին թվով ՊՆ-ն չի ձևակերպի ինչ-որ բաներ և ուշացած չի հաղորդի ինֆորմացիա` առանց պատասխանատուների կոնկրետ անունները նշելու, նրանց ձերբակալման կամ քրգործում նրանց կարգավիճակը նշելու մասին»։
|