▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արան, ոտից գլուխ էս»․ ԱԺ-ում ծեծկռտուք սկսվեց

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԺ-ում հրմշտոց ու ծեծկռտուք եղավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև

***



ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին, ապա սադրեց Նարեկ Կարապետյանին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։

«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Բայց բան հասավ բռունցքների և ոտքերին, պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։

ԱԺ անվտանգության աշխատակիցները, ծեծկռտուքից հետո միայն, դահլիճից հեռացրեցին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

Դիտեք նաև՝ այլ տեսանյութեր՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

***

«Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգը զբաղվում է քաղաքականությամբ: Ես մեղավոր չեմ, որ ձեր հորեղբոր տղան պատրաստվում էր մի նախարարություն բացել, որն իր ձևակերպմամբ պետք է «բավարարեր բոլոր կանանց», ու մինչև հիմա դրա համար ներողություն չխնդրեց կանանցից»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, դիմելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանին, ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Չախոյանը, ինչին արձագանքեց Նարեկ Կարապետյանը: Սկսվեց լեզվակռիվ՝ «արա», «արան ոտիցդ գլուխ ես», ինչին էլ հաջորդեց քաշքշուկ:

***

Աժ-ում լարված իրավիճակը շարունակվեց նաև միջանցքում։
«Արա՛, հանգստացե՛ք», «այ անտակտ», «եկեք էս կողմ», «Մենք իրար հետ հարց չկա, մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ո*ից պոկելու եմ»,- միջանցքում գոռում էր ՔՊ պատգամավորը:։ Անվտանգության աշխատակիցների միջամտությամբ հաջողվեց իրավիճակը որոշակիորեն հանգստացնել։

***

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր, անվտանգությունը րոպեական կհրավիրվեր: Ռուբեն Ռուբինյանն է կրում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը»։

***

ԱԺ-ում ծեծկռտուքից հետո շարունակվում է նիստը:

«Պարոն Կարապետյան, սա ձեր անմիջական պատասխանատվությունն է: Դուք, որպես պատգամավոր, իրավունք չունեք վիրավորել ամբիոնից ելույթ ունեցողին, որը որևէ վիրավորական արտահայտություն չի արել: Եվ դուք իրավունք չունեք ձեր տեղից վեր կենլ և փորձել նրան հարվածել»,- դիմելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանին, ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ավելացրեց. «Ինչպես ես ասել եմ 2 ամիս առաջ, առաջարկում ենք բարեկրթության կանոններ. կպահեք, կլինենք բարեկիրթ, չեք պահի, 10, 20, 40 անգամ ավելին կստանաք, ու ստացաք»:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը, դիմելով Նարեկ Կարապետյանին, ասել էր. «... Ես մեղավոր չեմ, որ ձեր հորեղբոր տղան պատրաստվում էր մի նախարարություն բացել, որն իր ձևակերպմամբ «պետք է բավարարեր բոլոր կանանց»»:

***

«Եթե ձեզ թվում է, որ կարող եք հարձակվել ԱԺ պատգամավորների վրա ու մարսեք, առանց ծեծ ուտելու փախչեք ԱԺ դահլիճից, չի լինելու»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ծեծկռտուքին:

Ընդդիմադիր պատգամավորները տեղից արձագնքեցին, ինչին ի պատասխան էլ Չախոյանն ասաց. «Տեսանք, ով ծեծ կերավ»: Իրավիճակը կրկին լարվեց:

***

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին, ներսից տեխնիկական մասի աշխատողները չէին կարողանում դուրս գալ, դուռը ծեծեցին, դրսից բացեցին, նոր միայն կարողացան դուրս պրծնել։
Իսկ դուք նկատեցի՞ք նաև, որ անվտանգության աշխատակից չէր մտնում դահլիճ ծեծի ընթացքում, և երբ դուռը բացվեց, դրսում դռան մոտ կանգնած ՊՊԾ աշխատակիցը նույնիսկ ներս էլ չմտավ՝ փորձ անելու կանգնեցնել պատգամավորների ծեծկռտուքը։ Իսկ ինչո՞ւ, գուցե նրա համար, որ հրահանգ էր ստացել թողնել իշխանության պատգամավորներին մենակ, հանգիստ ծեծել ընդդիմադիրներին։
Ո՜վ իմանա»։

***

«ՔՊ-ականները խառը, իրենք իրար էին ծեծում, աչքերը փակել իրար էին խփում, մի պահ տեսա էն խեղճ Էդուարդ Աղաջանյանին ՔՊ-ից մեկը բերանին խփում էր, արյուն էլ գալիս էր»,- խոսելով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Երեկ բռնության մասին էին խոսում, հիմա սա բռնությո՞ւն չէր, թե՞ չէ»,- նշեց Մանուկյանը։

«Ստեղծված իրավիճակը կապված է հիմնական ֆեյքի հետ, մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ, և իրեն շարունակում է պահել ֆեյք աշխատացնող․․․ Իր խմբակցության ղեկավարը պետք է պատասխան տա՝ պատրաստվում են վերահսկել իրենց պատգամավորի վարքագիծը, թե չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Միգուցե նախապես պլանավորված սցենարով են աշխատել, եթե նույնիսկ նախապես պլանավորված սցենար չի եղել, Ռուբեն Ռուբինյանը խրախուսել է այս ամբողջ գործընթացը, թույլ է տվել, որպեսզի ստեղծվի այդ իրավիճակը, մինչդեռ պետք է ապահովեր ԱԺ բնականոն աշխատանքային ընթացքը»,- հավելեց Գրիգորյանը։

***

«Աժ ղեկավարությունը միտում պետք է ունենա նմանատիպ խնդիրները սաստելուն, ոչ թե հրահրելուն։ Ցանկացած նմանատիպ միջադեպի համար մեկ մեղավորը ԱԺ նախագահն է՝ իր ենթականերով։ Ակնհայտ է, նման իրավիճակում ԱԺ նախագահը պետք է հայտարարեր ընդմիջում, չի հայտարարել՝ ուրեմն ինքն իր տեղում չի»,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ասել է «Հայաստան» խմբակցությանբ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Կարծում եմ՝ այս իրավիճակի ամենաերջանիկը հիմա Ալենն ա Սիմոնյան, ով որ ուզում ա ասի՝ տեսեք՝ դա ինձանից չէր, մենակ ես չէի, որ չէի կարողանում կառավարել, Ռուբեն Ռուբինյանն ինձանից վատն է, ես ավելի լավն էի։ Իսկ Ռուբեն Ռուբինյանը պետք է իրեն հարց տա, արդյո՞ք ուզում է, որ հասարակությունը իր կառավարած Աժ-ի այս պատկերը տեսնի, արդյո՞ք իրենից ակնկալիքն այն էր, որ երբ սադրանք է լինում, զգում է, որ պոտենցիալ բախում կարող է լինել՝ ինքը պիտի թողի»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

***

«Ընդդիմությունը պնդում է, որ նախապես պլանավորված էր միջադեպը, այլապես շուտ կհրավիրեիք անվտանգության աշխատակիցներին»։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողի այս դիտարկման ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Եթե սա նախապես պլանավորված էր, դա նշանակում է, որ նախապես պլանավորել ենք ես և Նարեկ Կարապետյանը։ Դա նշանակում է, որ ես պետք է Նարեկ Կարապետյանին ասած լինեի, որ՝ Նարե՛կ Կարապետյան, երբ որ պատգամավորը ելույթ ունենա, ոչ մի վիրավորական բան չասի, կասեք «արա», հետո կբարձրանաք ձեր տեղից ու կգնաք, որպեսզի հարվածեք նրան։ Կամ նշանակում է, որ սա պլանավորել ենք Գառնիկ Դավթյանի հետ, օրինակ, ասել ենք, երբ որ դահլիճում լարված մթնոլորտ լինի, կգնաք և կհարվածեք Տարոն Չախոյանին, որպեսզի սկսվի ծեծկռտուք։ Հասկանո՞ւմ եք ինչքան աբսուրդ է հնչում»։

Քաղաքական далее