ՄակարյանNews-ը գրում է . «Տելեգրամյան ալիքում տեսանյութ էինք հրապարակել, թե ինչպես է Georg X անունով ոմն բլոգեր, որ իրեն քաղաքապետ և Նիկոլ Փաշինյանի աջակից է ներկայացնում, Tesla մակնիշի մեքենան վարում առկայծող փարոսիկներով: Մենք նաև տեղեկություն ունենք, որ նշված անձը մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի կամ, ավելի ստույգ, վարորդական իրավունքից զրկված լինելով, և դրա համար պարեկները քանիցս կանգնեցրել և վարչական արձանագրություն են կազմել, սակայն նա նորից շարունակում է կատարել նույն օրինազանցությունը:
ՆԳՆ-ից, արձագանքելով մեր հրապարակմանը, հայտնեցին, որ նշված մեքենայի վարորդը հայտնաբերվել է, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նրանք հաստատեցին նաև մեր տեղեկությունը, որ GeorgX անունով նշված անձին տուգանել են վարորդական իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու համար, բացի այդ, նաև նյութեր են նախապատրաստել և ուղարկել Քննչական կոմիտե` այդ հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու համար: Ուշագրավ է, սակայն, որ ամենուր ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի գովքն անող այս բլոգերը, այսքանից հետո անգամ, նորից շարունակում է ազատ շրջել և օրենք խախտել:
Մենք դիմել ենք նաև ՔԿ` պարզաբանում ստանալու համար, թե վարույթ նախաձեռնե՞լ են, արդյոք, և ինչպե՞ս կբացատրեն առերևույթ հանցագործի` ազատության մեջ գտնվելն ու նույն հանցանքը շարունակաբար թույլ տալը: Քննչականից դեռ պատասխան չենք ստացել»:


