Հայ-ադրբեջանական դիմակայություն` UFC-ում
Հոկտեմբերի 31-ին Լաս Վեգասում կմենամարտեն Ժան-Պոլ Բոսնոյանը (11-2) և Ֆառման Հասանովը (5-0)
«Այո, ես կիսով չափ հայ եմ, կիսով չափ՝ ռումինացի, բայց ծնվել եմ ԱՄՆ-ում։ Շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ ծագման երկու կողմերը և անհամբեր սպասում եմ հանդիպել իմ երկրպագուներին։
Իմ հայրը՝ իմ հիմքն է։ Նա էր, որ ինձ բերեց սպորտ։ Նրան էր պատկանում այդ երազանքը, և նա փոխանցեց այն ինձ։ Շատ շնորհակալ եմ, որ նա ինձ մղեց այս ճանապարհին։ Մանկության տարիներին ես ուզում էի բասկետբոլ խաղալ և պարապել, բայց հայրս շատ խիստ էր, և հենց դա է ինձ բերել այստեղ, որտեղ ես հիմա եմ։ Իհարկե, հիմա սա արդեն իմ սեփական երազանքն է, բայց հպարտ եմ, որ կրում եմ նրա ազգանունը»,-հարցազրույցներից մեկում ասել է Ժան-Պոլը։
Ժան-Պոլը և նրա քույրը՝ Բյանկան, մանկուց զբաղվել են բրազիլական ջիու-ջիթսուով իրենց հոր՝ Ներսես «Նոնո» Բոսնոյանի դահլիճում։ Ներսեսը՝ ծնունդով Կալիֆոռնիայից հայ, ժամանակին մարզվել է լեգենդար Գրեյսի ընտանիքի ներկայացուցիչների հետ։ Այսօր Ժան-Պոլը սև գոտի ունի ԲՋՋ-ում, իսկ նրա քույրը՝ շագանակագույն։


