▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների նկատմամբ հնարավոր բռնության ահազանգից օրեր են անցել․ ոստիկանությունը դեռ չի գործել

Այսօր.am-ը գրում է. «Անչափահաս երեխաների հայրը՝ Տ․Վ․-ն, դիմել է կայքին՝ պատմելով, որ ոստիկանությունում ահազանգել է իր անչափահաս երեխաների նկատմամբ հնարավոր բռնության մասին, սակայն իրավապահները մինչ օրս չեն գործել։

Այսպես, շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, երկու անչափահաս երեխաների հայրը դիմել է Ոստիկանություն՝ հայտնելով երեխաների նկատմամբ հնարավոր ընտանեկան բռնության մասին և պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ դիմումի՝ երեխաները գնացել էին մոր տուն՝ իրենց դպրոցական իրերը վերցնելու, սակայն մայրը, նրանց կամքին հակառակ, կողպել է տան դուռը, թույլ չի տվել դուրս գալ և վերադառնալ հոր մոտ։

Հայրը հայտնել է նաև որդու նկատմամբ ֆիզիկական ներգործության մասին։ Երեխաները հայտնվել են ծանր հուզական վիճակում, բարձր բղավել են, իսկ որդու համար անգամ շտապ բժշկական օգնություն է կանչվել։

Ավելին՝ ըստ հոր, երեխաներից վերցվել են կապի միջոցները, և նրանք փաստացի զրկված են հոր հետ ինքնուրույն կապ հաստատելու հնարավորությունից։

Հայրն էլ չի կարողանում կապվել երեխաների հետ․ մայրը չի արձագանքում նրա հաղորդագրություններին և երեխաների հետ որևէ կապ չի ապահովում։

Ոստիկանությանը ներկայացվել է ոչ թե ծնողների միջև սովորական վեճի, այլ երկու երեխաների նկատմամբ հնարավոր ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին ահազանգ։

Մինչդեռ դիմումը ներկայացվել է դեռ շաբաթ օրը։ Այդ օրվանից անցել է մի քանի օր, իսկ Ոստիկանությունը մինչ օրս որևէ գործողություն չի կատարել։ Երեխաներին չի լսել չեզոք և անվտանգ միջավայրում, չի գնահատել բռնության կրկնման կամ շարունակման ռիսկը և որևէ պաշտպանական միջոց չի կիրառել։

Իրավիճակն առավել մտահոգիչ է, քանի որ նույն երեխայի նկատմամբ բռնության մասին սա առաջին ահազանգը չէ։ 2024 թվականին նրա մայրական տատը ձերբակալվել էր երեխայի բերանը կպչուն ժապավենով փակելու, նրան ֆիզիկական ներգործությամբ ննջասենյակ տանելու և այնտեղ փակելու միջոցով ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ պետական մակարդակով, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, շարունակաբար խոսվում է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտության մասին։

Բայց նման հայտարարությունների իրական արժեքը երևում է հենց կոնկրետ դեպքերում՝ երբ պետությունից պահանջվում է ոչ թե խոսել, այլ գործել։

Ընտանեկան բռնության կանխարգելման իմաստը հնարավոր հետևանքը կանխելն է, ոչ թե արձագանքելը այն ժամանակ, երբ արդեն կարող է ուշ լինել։

Ուստի հայրը Ոստիկանությունից պահանջում է այլևս չհետաձգել և անհապաղ գործել՝ գնահատել երեխաների անվտանգության իրական վիճակը, նրանց լսել չեզոք և անվտանգ միջավայրում, գնահատել հնարավոր բռնության շարունակման կամ կրկնման ռիսկը և անհրաժեշտության դեպքում կիրառել օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները։

Այստեղ խոսքը սովորական դիմումի ընթացքի կամ պատասխանի ժամկետի մասին չէ։ Խոսքը երկու անչափահաս երեխաների անվտանգության մասին է։ Քանի՞ օր պետք է անցնի երեխայի նկատմամբ հնարավոր բռնության մասին ահազանգից, որպեսզի Ոստիկանությունը սկսի գործել և իրականում ապահովի երեխաների պաշտպանությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more