▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր չէ՝ հենց քո գյուղը հանձնեն թշնամուն, որ հասկանաս, որ ընտրյալդ դավաճան է...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ անտուն մնացած կինը բաղոքում էր, որ Փաշինյանին է ընտրել, իսկ նա քանդեց իր տունն այնպես, ինչպես ամեն ինչն է այս երկրում քանդում: Մտքիս միանգամից Թովմաս առաքյալն եկավ...

Եթե ես լինեի քրիստոնյա հոգևոր առաջնորդ, վեր կկենայի, կգնայի, կայցելեի այդ տիկնոջը և կպատմեի նրան հունարեն «pisteuō» բառի մասին, որը բոլորի կողմից թարգմանվել է «հավատք», «ներշնչանք» իմաստով, իսկ հին հայերենում այն հանդիսացել է հունական pisteuō-ի ավելի ստույգ թարգմանություն՝ «ուխտ» կամ «խոստում» իմաստով, քանի որ մեր «հավատք» բառը սերում է հնդևրոպական նախալեզվի «pōt» արմատից, որը նշանակում է «տեր լինել»:

Սա շատ կարևոր նրբություն է, քանի որ ժամանակի ընթացքում մեզանում, ինչպես և աշխարհով մեկ, «հավատք» բառի իմաստը նենգափոխվել և դարձել է կռապաշտական ինչ-որ ներշնչանքի կամ լավատեսության հոմանիշ, ու մեծ առումով՝ ինքախաբեություն: Մինչդեռ դրա իրական, քրիստոնեական իմաստը կայանում է՝ սեփական որոշմանը տեր կանգնելու, պատասխանատվություն ստանձնելու մեջ: Ընտրե՞լ ես լինել քրիստոնյա, բարի եղիր տեր կանգնել ընտրությանդ և հավատարիմ մնալ դրա պատվիրաններին, սա է «հավատք» բառի իմաստը: Եթե ընտրել ես Աստծուն, ուրեմն ապավինիր բանականությանդ, քանի որ իսկզբանե էր բանը...

Ավետարանը, օրինակ, մեզ պատգամել է ոչ մեկին կուրորեն չհավատալ, այլ քննել բոլորին և որոշում կայացնելիս ապավինել բանականությանը, այսինքն՝ Աստծուն: Մինչդեռ մեզանում շատերն անում են հակառակը, անում են այն, ինչ ժամանակին արել է Թովմաս առաքյալը:

Թովմասը միակ առաքյալն էր, ով Քրիստոսին Աստված էր անվանել, սակայն միայն այն բանից հետո երբ Քրիստոսը թույլ տվեց Թովմասին մատը խրել իր վերքերի մեջ, համոզվելու համար, որ նա սխալ էր, երբ չէր «հավատում» տիրոջ հարությանը, այսինքն՝ տեր չէր կանգնում իրենց «ագավոռկին»՝ ուխտին: Ինչից հետո Քրիստոսը դիմում է իրենց որոշմանը տեր չկանգնողներին, նրանց՝ ի դեմս Թովմասի, անվանում է ան-հավատ (á-pistos) և ասում «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հով. 20:29): Այսինքն՝ օրհնյալ են նրանք, ովքեր հասկանում են ուղեղով, ոչ թե սպասում են մինչև իրականությունը գա ու թակի իրենց դուռը, որ սեփական մաշկի վրա զգան:

Քրիստոս ասել կուզեր, որ պարտադիր չէ սպասել, որ գան հենց քո տունդ քանդեն, որ հասկանաս՝ գառան մորթին հագած գայլը իրենից ինչ է ներկայացնում: Պարտադիր չէ հենց քո բարեկամին անիրավ կալանավորեն, որ հասկանաս, որ երկրում օրենք չկա: Պարտադիր չէ հենց քո գրպանից թալանեն, որ հասկանաս, որ համատարած կողոպուտ է ընթանում: Պարտադիր չէ՝ հենց քո գյուղը հանձնեն թշնամուն, որ հասկանաս, որ ընտրյալդ դավաճան է: Կարելի է տեր կանգնել սեփական բանականությանը, դառնալ հավատարիմ Աստծուն, ասել է թե հավատացյալ, և էն գլխից իրերն իրենց անուններով կոչել: Որովհետև, դուզը խոսանք էլի, նենց չի, որ չգիտեիք, ուղղակի ինքներդ ձեզ խաբում էիք, քանի որ հավատք բառը շատ նենգափոխված եք ընկալում:

Ու եթե ես լինեի հոգևոր առաջնորդ, այս կարճ քարոզից հետո կոչ կանեի հավատավորներին հենց այս թերահավատ տիկնոջ համար գումար հավաքել ու իր ընտանիքը փրկել անօթևանությունից՝ դնելով միայն մեկ պայման: Պայմանն այն է, որ նա կխոստանա իր թոռներին կրթություն տալ: Դա կլինի իր ուխտը, իր «հավատքը», քանի որ կրթությունն է իրական հավատացյալի գլխավոր զենքն ու զրահը: Եվ այդ տունը կլիներ կարևոր հուշարձան այն մասին, որ «հավատալ Աստծուն» նշանակում է «տեր կանգնել սեփական բանականությանն ու չտրվել ներշնչանքին»:

Հ.Գ. Մեր ավետարանը բաղկացած է 75 գրքերից։ Ավետարանն ըստ Թովմասի դրա մաս չի կազմում, մեր կանոնով այն արգելված է:

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին