Սրբազան Հայաստան ֆեյսբուքյան էջը գրում է․
ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ․ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երևանում 2026 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին նախատեսված Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված Մորգենշտերնի համերգների շուրջ բարձրացված մտահոգությունները ո՛չ պատահական են, ո՛չ էլ միայն հայկական իրականությանը բնորոշ։
Տարբեր տարիների նրա համերգները չեղարկվել են, որոշ երկրներում սահմանափակվել է նրա մուտքը, իսկ պետական մարմինները քննարկել են նրա գործունեության հետ կապված անվտանգության, հասարակական կարգի և մշակութային բովանդակության հարցերը։
Երբ միևնույն կատարողի շուրջ տարբեր երկրներում պարբերաբար առաջանում են նման խնդիրներ, դրանք այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես առանձին մարդկանց անհիմն դժգոհություն կամ պարզապես երաժշտական ճաշակի տարբերություն։
Ավելին՝ խոսքը միայն կատարողի անձի մասին չէ։ Խոսքը հանրային տարածքում տարածվող բովանդակության, դրա հնարավոր ազդեցության և այն պատասխանատվության մասին է, որը կրում են նման միջոցառումների կազմակերպիչներն ու պետական իրավասու մարմինները։
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՓԱՍՏԵՐԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։
ՀԱՅԱՍՏԱՆ - 2022 ԹՎԱԿԱՆ. ՀԱՄԵՐԳԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ
2022 թվականի մարտի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված էր Մորգենշտերնի համերգը։
Համերգի հայտարարությունը Հայաստանում առաջացրեց հասարակական դժգոհություն։ Քննադատության առարկա դարձան կատարողի երգերում թմրամիջոցների թեմատիկայի ներկայացումը, գռեհիկ արտահայտությունները, սադրիչ կերպարները և քրիստոնեական արժեքների հետ դրանց անհամատեղելիության վերաբերյալ մտահոգությունները։
Կազմակերպիչ «Prime Production» ընկերությունը համերգը չեղարկեց նախատեսված օրվանից մոտ վեց շաբաթ առաջ։
Այսպիսով՝ Հայաստանում Մորգենշտերնի համերգների շուրջ մտահոգությունները նոր չեն։ Դրանք արդեն մեկ անգամ հանգեցրել են նախատեսված միջոցառման չեղարկմանը։
ՂՐՂԶՍՏԱՆ - 2023 ԹՎԱԿԱՆ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի հունիսի 23-ին Մորգենշտերնը պետք է ելույթ ունենար Բիշքեկում անցկացվող «Alga Fest» փառատոնում։
Սակայն Ղրղզստանի մշակույթի նախարարությունը միջամտեց՝ բարձրացնելով կատարողի մասնակցության համապատասխանության հարցը երկրի օրենսդրությանը։
Պետական մարմինների ներկայացրած մտահոգությունները վերաբերում էին բռնության, դաժանության, թշնամանքի և պոռնոգրաֆիայի քարոզը կանխող իրավական սահմանափակումներին։
Արդյունքում Մորգենշտերնի մասնակցությունը փառատոնին չեղարկվեց (հղումը՝ մեկնաբանությունում)։
Այստեղ արդեն գործ ունենք ոչ թե միայն հասարակական դժգոհության, այլ մշակույթի ոլորտի պետական մարմնի միջամտության հետ։
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2024 ԹՎԱԿԱՆ. ՄՈՒՏՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
2024 թվականի հունվարին Մորգենշտերնը հրապարակայնորեն հայտարարեց, որ իրեն արգելվել է մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դրանից առաջ չեղարկվել էին նաև Դուբայում նախատեսված նրա ելույթները։
Այս տեղեկությունները հրապարակվել են ռուսաստանյան լրատվամիջոցներում։
ՂԱԶԱԽՍՏԱՆ - 2024 ԹՎԱԿԱՆ. ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ
2024 թվականի ապրիլին Ղազախստանում նախատեսված Մորգենշտերնի երեք ելույթները չկայացան։ Կատարողը դա բացատրել էր երկրում իր անվտանգության վերաբերյալ մտահոգություններով։
Նույն թվականի դեկտեմբերի 7-ին և 8-ին նախատեսված էին նրա համերգները Ալմաթիում և Աստանայում։
Սակայն դրանք նույնպես չեղարկվեցին։ Կազմակերպիչները որպես պատճառ նշել էին տեխնիկական հանգամանքները։
ԼԻՏՎԱ - 2025–2026 ԹՎԱԿԱՆՆԵՐ. ՏԱՍՆԱՄՅԱ ԱՐԳԵԼՔ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի նոյեմբերի 13-ին Եվրամիության անդամ Լիտվան ռուսաստանյան ռեփեր Մորգենշտերնի մուտքն իր տարածք արգելեց տասը տարով (հղումը՝ մեկնաբանությունում)։
Որոշումն ընդունվել էր Լիտվայի արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ և Միգրացիայի դեպարտամենտի հավաքած տեղեկությունների հիման վրա՝ ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիքի պատճառաբանությամբ։ Մասնավորապես մատնանշվել էին՝
կատարողի համերգների ընթացքում դրսևորված սադրիչ վարքագիծը,
բռնության և դաժանության բացահայտ քարոզը,
թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի քարոզը,
հասարակական լարվածության առաջացման վտանգը։
ՄՈԼԴՈՎԱ - 2026 ԹՎԱԿԱՆ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑԱՆԿ
2026 թվականի հունիսի 25-ին Մոլդովայի մշակույթի նախարարությունը հրապարակեց արտիստների ցանկ, որոնց մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպումը խորհուրդ չի տրվում։
Այդ ցանկում ընդգրկված էր նաև Մորգենշտերնը։
Նախարարությունը մատնանշել էր հնարավոր անվտանգության ռիսկերը և կազմակերպիչներին զգուշացրել նման միջոցառումների հետ կապված պատասխանատվության մասին (հղումը՝ մեկնաբանությունում)։
Այս դեպքում ևս հարցը դուրս է եկել մասնավոր կարծիքների շրջանակից և դարձել պետական մշակութային քաղաքականության քննարկման առարկա։
ՀԱՅԱՍՏԱՆ - 2026 ԹՎԱԿԱՆ. ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2026 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված են Մորգենշտերնի համերգները։ Դեկտեմբերի 19-ի տոմսերն արդեն սպառված են։
Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Հայաստանում դեռևս 2022թ․ նրա համերգի կազմակերպումն առաջացրել էր հասարակական լուրջ դժգոհություն և ավարտվել չեղարկմամբ։
ՄԻ՞ԹԵ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՆՑ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Մի՞թե այն հանգամանքը, որ տարբեր երկրներում Մորգենշտերնի համերգները չեղարկվել են, նրա մուտքը սահմանափակվել է, իսկ գործունեությունը դարձել է պետական մարմինների և դատարանների քննության առարկա, բավարար պատճառ չէ, որպեսզի Հայաստանում ևս խնդիրը լրջորեն ուսումնասիրվի։
Մի՞թե մեր հասարակության հոգևոր ու բարոյական արժեքների պաշտպանությունը, հատկապես երիտասարդ սերնդի դաստիարակությունը, պակաս կարևոր են, քան համերգների կազմակերպման տնտեսական շահերը։
Եվ վերջապես՝ ո՞վ է կրում պատասխանատվություն այն բովանդակության հանրայնացման համար, որի հնարավոր վնասակար ազդեցության վերաբերյալ արդեն իսկ բարձրացվել են հիմնավոր քննարկման արժանի մտահոգություններ։
Ո՞վ է ուսումնասիրել երգ կոչվածների բովանդակությունը, դրանցում ներկայացվող վարքագծային օրինակները, դրանց հնարավոր ազդեցությունը հատկապես երիտասարդների վրա և հանրային պատասխանատվության հարցը։
Համերգի կազմակերպման առևտրային շահը կարո՞ղ է ինքնին վերացնել այդ հարցերը։
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ ՀԱՐՑԵՐ ԵՆ։
Տարբեր երկրներում արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ հանրային ելույթների հետ կապված անվտանգության, հասարակական կարգի և մշակութային բովանդակության վերաբերյալ մտահոգությունները կարող են դառնալ պետական մարմինների և դատարանների մանրամասն քննության առարկա։
Հայաստանում ևս այս հարցը պետք է քննարկվի փաստերի, իրավական հիմնավորումների և հանրային պատասխանատվության տեսանկյունից։
Հ․Գ․ Խնդրում ենք տարածել և գրել ձեր կարծիքները մեկնաբանություններում։


