
Հայաստանի կոմպոզիտորների միությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են տարածված տեղեկությունները, որ միության գործող նախագահ Արամ Սաթյանի որդին՝ Դավիթ Սաթյանը հնարավոր է առաջադրվի ՀԿՄ-ի նախագահի պաշտոնում։
Թեկնածուների թվում նշվում է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նախկին դեսպան, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի անունը։
«Միության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրվելու միության նախագահի պաշտոնում: Համաձայն 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած ՀԿՄ Վարչության նիստի որոշման, թեկնածուներն ինքնաառաջադրվում են Համագումարի հաստատված օրվանից 10 աշխատանքային օր առաջ: Իսկ գալիք Համագումարի անցկացման հստակ օրը հաստատվում է ՀԿՄ Վարչության արտահերթ նիստի միջոցով»,-նման կերպ են պատասխանել միությունից Asekose.am-ի խնդրանքին՝ արձագանքել որոշ թեկնածուների՝ մասնավորապես Դավիթ Սաթյանի և Արմեն Սմբատյանի հնարավոր թեկնածության մասին տարածվող խոսակցությունները:
Տեղեկություններ կան նաև, որ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որը գործում է Հայաստանի կոմպոզիտորների միության կազմում և ներառում է հյուրատուն, քոթեջներ և Բեթհովենի անվան համերգասրահը, նախատեսվում է երակարաժամկետ կառավարման հանձնել անգլիական կազմակերպության՝ ներդրումներ կատարելու նպատակով:
«Ի՞նչ հիմքով է կայացվել նման որոշում, և արդյոք այդ նախաձեռնության հետ որևէ առնչություն ունի Անգլիայում բնակվող Դավիթ Սաթյանը»,-հետաքրքվել էր Asekose.am-ը Կոմպոզիտորների միությունից ու ստացել նույնաոճ պատասխան՝ ինչպես առաջին հարցի դեպքում:
«Միությունը ստացել և շարունակում է ստանալ բազմաթիվ առաջարկներ, որոնք վերաբերում է ինչպես ամբողջ Դիլիջանի ստեղծագործական տան երկարաժամկետ , այնպես էլ՝ անհատական քոթեջների կարճաժամկետ վարձակալության վերաբերյալ, որոնք պետք է ուղղված լինեն ի բարօրություն միությանը: Կոմպոզիտորների միության ղեկավարությունը գործընթացների վերաբերյալ պատշաճ իրազեկում է միության Վարչության անդամներին: Հնարավոր զարգացումների և որոշումների դեպքում միությունը, ելնելով իր որդեգրած թափանցիկ գործելաոճից, տեղյակ կպահի հանրությանը, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպելով նաև մամուլի ասուլիս»:
Լուսանկարում՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն է
Կոմպոզիտորների միության հաջորդ համագումարը պետք է տեղի ունենա 2027 թվականի հոկտեմբերին:


