▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանը ՀԳՄ նախագահի թեկնածո՞ւ. Ա. Ափինյանը` իր հայտարարության մասին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  խոսելով  հոկտեմբերի 20-ին Հայաստանի գրողների միությունում հրավիրված համագումարի  մասին, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը կարծիք է հայտնել, որ  որպես միության նախագահի թեկնածու հնարավոր է առաջադրվի նաև Վանո Սիրադեղյանը:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Աբգար Ափինյանը խոսելով իր այդ հայտարարության մասին` ասաց.

«Որևէ տվյալ,  փաստ  չունեմ, որ Վանո Սիրադեղյանը կարող է գալ Հայաստան և մասնակցել համագումարին: Առաջին գրականագետն եմ եղել, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում կազմակերպեցի Վ. Սիրադեղյանի «Ծանր լույս» գրքի հանդիպումը: Հիացած եմ նրա արձակով»,-ասաց Աբգար Ափինյանը` հավելելով, որ նման հայտարարություն արել է` ելնելով մի շարք խոսակցություններից, որոնք փաստում են, որ հասարակությունը երազում է նրա վերադարձի մասին , չէ՞ որ նա հայ արձակի հիմնադիրներից է:

Հարցին, թե արդյո՞ք Երևանի գրողների միության նախագահը չի ցանկանում դառնալ նաև ՀԳՄ նախագահ, Ա. Ափինյանը պատասխանեց.

«Ես հիմա նախագահ եմ և ավելիին չեմ ձգտում: Գրողները պետք է ձգտեն հրաժարվել պաշտոնից. Որքան շուտ, այնքան լավ: Մեր աշխատանքում պետք է թերագնահատենք պաշտոնը և ժողովրդի մեջ մնանք անունով` ինչպես Հովհ. Թումանյանը, Ղ. Աղայանը և ուրիշներ»:

Խոսելով արդեն հայտնի մի քանի թեկնածուների մասին` Ա. Ափինյանն ասաց,  որ բարձր է գնահատում և’  Էդուարդ Միլիտոնյանին, և’  Մերուժան Գուլանյանին , և’ Հրաչյա Սարուխանին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որո՞նք են առաջնային այն խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի ապագա ՀԳՄ նախագահը, Ա. Ափինյանը պատասխանեց, որ ցանկալի է վերացվի 1937 թվականից ի  վեր գործող միակենտրոն կառույցը:

«Գրական աշխարհին բնորոշ է բազմաբևեռայնությունը, պետք է սկսեն գործել գրական ասոցացիաները, որոնք կունենան իրենց էսթետիկան, որպեսզի սա նպաստի ստեղծագործական առաջընթացին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more