Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է Բելառուսի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղի (1:2) տպավորություններով։
Մասնագետի խոսքով՝ թեև գրանցված հաշիվը հիասթափեցնող է, սակայն թիմի ցուցադրած խաղն ու ֆուտբոլիստների նվիրվածությունը դրական սպասումների հիմք են տալիս։
Գլխավոր մարզիչն ընդգծել է, որ մարզչական շտաբի կողմից մշակված պլանը և նոր տակտիկական սխեման մեծամասամբ արդարացրել են իրենց։
«Մրցակցին շատ լավ էինք վերլուծել, և նրանց խաղում մեզ համար անակնկալներ չեղան։ Մենք գիտեինք Բելառուսի հավաքականի հնարավորությունները։ Կարող եմ ասել, որ մեր ընտրած խաղաոճն աշխատում էր թե՛ պաշտպանական, թե՛ միջին և թե՛ հարձակման գծերում՝ թույլ տալով շատ դրվագներում հաղթող դուրս գալ»,- նշել է Մելիքյանը։
Խոսելով պարտության պատճառների և բացթողումների մասին՝ մարզիչն ափսոսանքով փաստել է, որ ճակատագրական երկու դրվագներում հայ ֆուտբոլիստներին չբավականացրեց վճռականությունն ու բնավորությունը մենապայքարներում։ Նա նաև անդրադարձել է հարվածների արդյունավետության խնդրին՝ նշելով, որ թիմի կատարած 10-15 հարվածներն անցել են դարպասից բարձր, ինչը որակի պակասի մասին է վկայում։ Մելիքյանն անկեղծացել է՝ դաշտում ակնհայտորեն զգացվում էր հավաքականի առաջատարներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի բացակայությունը։
Անդրադառնալով կազմում տեղ գտած նորեկներին՝ մարզիչը նշել է, որ գոհ է նրանցից, թեև առանց փորձի մեծ ֆուտբոլին ադապտացվելը բարդ գործընթաց է։ Նա միաժամանակ հավելել է, որ այսօրվա նորեկներից ոչ բոլորին կտեսնենք հավաքականի ապագա կազմում։
«Արդյունքը տխրեցնում է, բայց տղաների կատարած աշխատանքից ես գոհ եմ։ Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից չհաղթելու համար, սակայն ուզում եմ հավաստիացնել՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս տղաների աչքերում կրակ կա և հանուն սեփական ազգի խաղալու հսկայական ցանկություն։ Հավաքականում լուրջ փոփոխություններ են սկսվել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք։ Ես լավատես եմ»,- եզրափակել է Եղիշե Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած այս խաղից հետո Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի ամռանը։ Մեր թիմը Երևանում ուժերը կչափի Ղազախստանի (հունիսի 6-ին) և Մոլդովայի (հունիսի 9-ին) հավաքականների հետ։


