▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Վալերիյ Օսիպյան

Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: 
Խորհրդակցության նպատակն էր ևս մեկ անգամ հստակեցնել, թե որոնք են ոստիկանության գործողությունները Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրությունների ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ բավական աշխատանք կա անելու: Նա հիշեցրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հայտարարությունը, որ որոշ քաղաքացիներ փոխելով բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում` մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ և նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն` նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։ 
Ոստիկանության պետը շեշտեց, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես և այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան:

 

 

 

 

 

 

 

 

Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ համայնքային ոստիկաններին պետք է աջակցեն նաև մյուս ստորաբաժանումները: Ընտրացուցակները ճշտելու նպատակով բնակարան այցելող ոստիկանը պետք է լինի համազգեստով և քաղաքացիների հետ ցանկացած պարագայում շփվի բարեկիրթ ու հարգալից:
Ոստիկանության պետը անդրադառնալով ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով, և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ 

 

 

 

 

 

 

 

 

«Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտեց ոստիկանության պետը: Նա նաև հիշեցրեց, որ ընտրության օրը ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկան պետք է իր մոտ ունենա ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց: Իսկ մինչ ընտրությունները ստորաբաժանման ղեկավարներին ոստիկանության պետը հանձնարարեց հիշյալ ուղեցույցերով գործնական պարապմունքներ անցկացնել ոստիկանության ծառայողների հետ:

Կարդացեք նաև՝ Չի հանդուրժվելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more