▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում

«Ազատ սոցիոլոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացրել է լայնածավալ սոցիոլոգիական հարցում՝ նպատակ ունենալով պարզել հանրային տրամադրությունների արդի պատկերը և քաղաքական նախապատվությունները:

Ուսումնասիրության արդյունքները բացահայտում են ուշագրավ պատկեր ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում և Գյումրիում:

Քաղաքական նախապատվություններն ու վարկանիշները

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, պատասխանները բաշխվել են ըստ տարածքային առանձնահատկությունների:

Երևանում առաջատար դիրքերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (առաջնորդ՝ Սամվել Կարապետյան)՝ ստանալով հարցվածների 17%-ի աջակցությունը: Նրան հաջորդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 14%, և «Հայաստան» դաշինքը՝ 12% ձայներով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել երևանցիների 9%-ը:

Մարզերում պատկերն այլ է. այստեղ առաջատար հորիզոնականը հավասարապես կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» ուժերը՝ յուրաքանչյուրը 19% վարկանիշով: Մարզային բնակչության շրջանում բավականին բարձր է նաև «Բարգավաճ Հայաստանի» կշիռը՝ 17%, մինչդեռ «Հայաստան» դաշինքն այստեղ ստացել է 6% աջակցություն:

Գյումրիում առավել ընդգծված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջատարությունը, որտեղ հարցվածների 24%-ը պատրաստ է իր ձայնը տալ այս ուժին: «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ուժեղ Հայաստանը» Գյումրիում ունեն հավասար՝ 17-ական տոկոս վարկանիշ:

Այլ քաղաքական միավորների, մասնավորապես՝ «Միասնության թևեր» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության) և «Հանրապետություն» (Արամ Սարգսյան) կուսակցությունների վարկանիշները տատանվում են 1-2%-ի սահմաններում:

Հատկանշական է, որ հարցվածների զգալի մասը դեռևս չունի հստակ կողմնորոշում: Երևանում «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը նշել է հարցվածների 38%-ը, մարզերում՝ 26%-ը, իսկ Գյումրիում՝ 24%-ը:

Վերաբերմունքը քաղաքական գործիչների նկատմամբ

Հետազոտության մյուս առանցքային հարցը վերաբերում էր անհատ գործիչների նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքին:

Համաձայն ստացված տվյալների՝ հանրության շրջանում առավելագույն դրական ընկալում ունի Գագիկ Ծառուկյանը՝ 31%: Երկրորդ հորիզոնականում Սամվել Կարապետյանն է՝ 26% ցուցանիշով:

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել հարցվածների 11%-ը: Արման Թաթոյանի և Վարդան Ղուկասյանի նկատմամբ դրական տրամադրվածություն ունի քաղաքացիների 3-ական տոկոսը: Հարցվածների 19%-ը դժվարացել է որևէ գործչի վերաբերյալ պատասխան տալ, իսկ 7%-ը նշել է այլ անուններ:

Հարցման արդյունքները փաստում են, որ հանրային դաշտում պահպանվում է քաղաքական անորոշության բարձր մակարդակ, իսկ նախապատվությունները բաշխված են ինչպես գործող, այնպես էլ այլընտրանքային ուժերի միջև:

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Հասարակություն more